Ավարտական աշխատանքներ. Ամենամեծ հաջողությունը այս գաղափարները կյանքի կոչելը կլինի

Այսօր՝ փետրվարի 23-ին, Ագրոբիզնես եւ ֆինանսներ-2 մագիստրոսական ծրագրի ներկայացուցիչները պաշտպանում էին ավարտական թեզերը. Իջեւանի գինու կոնյակի գործարանի՝ որպես գինու տուրիզմի կարեւոր հանգրվան դառնալու հնարավորություններն եւ Խաչիկ գյուղի գյուղատնտեսության բնութագրերը՝ քաղաքական-տնտեսական-ընկերային դիտանկյուններից, ՙԻբարի՚ ապրանքանիշի նորարարական եւ առողջ ապրելակերպի պահանջներին համապատասխան արտադրանքի ընդլայնման ու նոր շուկաներում հաստատվելու հնարավորությունները: Երիտասարդները այնքան սիրով ու բանիմացությամբ էին ավարտաճառերը գրել, որ թվում էր իրենք մասն են կազմում հիշյալ համայնքի, կամ գործարանների:

-Որքանո՞վ եք հավանական համարում, որ Ձեր առաջարկները կներդրվեն:

-Ձեր խնդրի լուծման վատ սցենարները՝ ֆորսմաժորային իրավիճակները, դիտարկե՞լ եք:

-Փորձե՞լ եք այս խնդիրը համադրել զբոսաշրջային ուղղվածության ընկերությունների աշխատանքի հետ:

Նման բազում հարցեր, որոնք քննարկման, մտքերի փոխանակության հնարավորություն էին տալիս:

Թեմաները ընդգրկուն էին, իրական, անգամ շոշափելի: Մատուցումը հետաքրքիր էր, նույնիսկ զգլխիչ (գինու դեպքում): Առաջարկությունները հիմնավորված-փաստարկված եւ իրագործելի այն աստիճան, որ հանձնաժողովի նախագահ, տ.գ.թ., դոցենտ Գագիկ Թորոսյանը նկատեց . «Ամենամեծ հաջողությունը այս նոր գաղափարները կյանքի կոչելը կլինի»:

Ի դեպ, գինու տուրիզմի թեմայի շրջանակում հարցման «ենթարկվեցին» նաեւ ներկաները: Որովհետեւ երիտասարդներն իրենց հետազոտությունները շարունակելու ակնհայտ եւ լուրջ մտադրությոններ ունեն: Թող հաջողեն: