ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնը եւ Ի-Վի- Էն գինու ակադեմիան շարունակում են պատշաճ իրականացնել ուսումնական դործընթացը հեռավար եղանակով՝ օգտագործելով էլեկտրոնային ուսուցման Moodle հարթակի ամբողջ գործիքակազմը (moodle.icare.am), ինչպես նաեւ Zoom.us հարթակը: Ի դեպ, Moodle հարթակը որպես ուսումնական գործընթացի կազմակերպման արդիական գործիք ԱՈՒԿ-ում օգտագործվում է արդեն երկար տարիներ՝ համատեղելով տեսակապի հետ։
Այս հարթակները հնարավորություն են տալիս դասերն անցկացնել առանց խոչընդոտների՝ արդյունավետության առումով, ըստ էության, չզիջելով լսարանային դասագործընթացին: Դասախոսները կարողանում են գնահատել ուսանողների ընթացիկ առաջընթացը թեստերի կամ այլ առաջադրանքների միջոցով, իսկ ուսանողներին հասանելի է դառնում առարկային առնչվող որեւէ նյութ, ներառյալ՝ գրքեր, տեսահոլովակներ, հոդվածներ եւ այլն:
Մինչ հեռավար ուսուցումը դժվարություններով ու «իրարանցումներով» է դառնում համալսարանի տարբեր ստորաբաժանումների առօրյան, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի եւ Գինու ակադեմիայի դասախոսների եւ ուսանողների առկա փորձը թույլ տվեց ավելի սահուն անցում կատարել նոր իրավիճակին։