Ռեկտոր Հրաչյա Զաքոյանի նախագահությամբ ռեկտորատի հերթական՝ ապրիլյան նիստի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակի ընթացիկ քննությունների մասին դեկանների զեկուցումներին։ Քննարկումների առանցքում դարձյալ որակի հրամայականն էր։
Մասնավորապես արձանագրվեց, որ առաջընթաց կա ուսումնառողների գնահատման անաչառության, ինչպես նաեւ ուսանողի բարձր առաջադիմությունն ու պատասխանատվությունը խրախուսելու՝ համալսարանում կիրառվող մեխանիզմների հարցում, որոնք որակի բարձրացման կարեւոր խթան են։ Այս առումով լավագույն օրինակ են վերջերս մրցութային կարգով ընտրված յոթ ուսանողները (մեծամասամբ՝ Ագրոնոմիական ֆակուլտետից), որոնք կմեկնեն Ֆրանսիա՝ աշխատանքային 4-ամսյա կիսամյակն այնտեղ անցկացնելու համար։ Յոթնյակը ընտրվել է սկսնակ մակարդակից ֆրանսերեն լեզվի ինտենսիվ դասընթացի մասնակից 20 ուսանողից։ «Սա ստանդարտից տարբերվող ձեւաչափ եւ գործելակերպ է թե´ ուսանողի եւ թե´ բուհի համար։ Ընտրված ուսանողները չորս ամսում կկատարելագործեն ֆրանսերենի իմացությունը եւ արժեքավոր փորձ ձեռք կբերեն։ Եվ սա եզակի օրինակ չի լինելու․ մեր ֆրանսիացի գործընկերների հետ երկարատեւ համագործակցության լավ հիմքեր ենք դրել։ Որտեղ մեր ռեսուրսները չեն բավարարում նախատեսված ծրագրերը իրականացնելու համար՝ կլրացնենք համագործակցության շնորհիվ, մասնավորապես՝ Ճշգրիտ գյուղատնտեսություն եւ Ագրոմեխատրոնիկա եւ ճշգրիտ ռոբոտատեխնիկա նոր կրթական ծրագրերի շրջանակներում», – ասաց ռեկտոր Զաքոյանը եւ հավելեց, որ ուժեղ եւ մրցունակ մասնագետ դառնալու կամք ունեցող յուրաքանչյուր ուսանող վստահաբար կարող է ապավինել բուհի աջակցությանը։
Քննարկումների առանցքային թեմաներից էին քոլեջում դասավանդող «համալսարանական» դասախոսների համար ուսանողի ամենօրյա հարցումների անսովորությունը, Ուսանողական գիտական ընկերության՝ վերջերս անցկացրած Գիտական շաբաթվա հաջողվածությունը, ավարտական աշխատանքների պաշտպանության հարցում դանդաղ, բայց կայուն առաջընթացը (որի անխուսափելի մաս են դարձել նաեւ աշխատանքների որակի հարցում լուրջ թերացումների դեպքում պաշտպանության չթույլատերու դեպքերը) եւ այլն։ Ի դեպ, ռեկտոր Հրաչյա Զաքոյանը դրվատանքի խոսք ուղղեց ՈՒԳԸ-ի հասցեին՝ նշելով, որ Գիտական շաբաթվա ընթացքում փայլուն դրսեւորումներ են եղել եւ լավը պետք է մշտապես խրախուսել։ Ուսանողների գիտական-ստեղծագործական մտքի զարգացման համար ստեղծված նպաստավոր միջավայրից սկսել են լավագույնս օգտվել նաեւ քոլեջի ուսանողները, մանավանդ՝ ուսխորհրդի կազմի հզորացումից (ձեւակերպումը քոլեջի տնօրեն Վարդան Վարդանյանինն է) հետո։
Ամփոփելով օրակարգային հարցի քննարկումը, ռեկտոր Զաքոյանն ասաց․ «2026-ը հայտարարել ենք որակի տարի, եւ մենք պետք է մշտապես հարց տանք՝ ինչ ենք անում, որ նախորդ տարվա համեմատ հասնենք որակի նոր մակարդակի մեր աշխատանքի տարբեր ուղղություններում՝ դասավանդման մեթոդ, ինքնուրույն աշխատանքներ, ավարտական աշխատանքների պաշտպանություն, ուսանողի առաջադիմություն, պատասխանատվության բարձրացում եւ այլն։ Մեր բոլոր գործողությունների ուղեկիցն ու ուղենիշը պետք է լինի որակի բարձրացումը»։
Գործնական ուսուցման որակի ապահովման գործում պակաս կարեւոր չէ աշխատանքային կիասամյակի ձւեաչափով փորձուսուցման՝ առայժմ Ագրարային համալսարանի «մենաշնորհ» հանդիսացող գործելակերպը։ Այս առումով ռեկտորատը հետաքրքիր արդյունքներ արձանագրեց ՈԳԱ կենտրոնի տնօրեն Աննա Դաշտոյանի զեկուցումից հետո, որը վերաբերում էր աշխատանքային կիսամյակի որակի գնահատմանը եւ գործատուների կարիքների վերհանմանն ուղղված ուսումնասիրությանը։ Մասնավորապես, բոլոր գործատուների շուրջ 65 տոկոսը համարում է, որ ուսանողների գիտելիքները բավարար են այսօր իսկ նրանց աշխատանք առաջարկելու համար, իսկ շուրջ 79 տոկոսի համոզմամբ՝ մեր ուսանողները որակյալ կադրեր են, որոնք բավարար մասնագիտական պատրաստվածություն ունեն մեր երկրում ոլորտի առկա խնդիրները լուծելու համար։ Տիկին Դաշտոյանը վերլուծություն արեց՝ վերջին ուսումնասիրության արդյունքները համեմատելով անցյալ տարի ՈԳԱ կենտրոնի անցկացրած համանման հարցումների արդյունքների հետ։ Համեմատության մեջ՝ այս տարի շատ գործատուներ են նշել անգլերենի իմացության կարեւորությունը որպես մրցունակ մասնագետի կայացման առհավատչյա եւ, որ կարեւոր է՝ այս տարի գործատուն ավելի հստակ է գնահատել ուսանողների կատարողականությունը, որը ՈԳԱԿ-ի տնօրենը բացատրում է որպես համատեղ աշխատանքի արգասիք։ Ռեկտոր Զաքոյանը շնորհակալություն հայտնեց ՀԱԱՀ գործընկեր գործատուներին, որոնց շնորհիվ է, որ մեր ուսանողները մասնագիտական աշխատաշուկայի մաս են դառնում։
2026-2027 ուստարվա վարձավճարների չափերի քննարկումը օրակարգի մյուս հարցն էր, զեկուցողը՝ Ուսումնական աշխատանքների կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանը։ Նա վարձավճարների չափերի վերանայման հիմնավորված առաջարկ ներկայացրեց, որի վերաբերյալ բավականին երկար եւ սպասելի քննարկում եղավ։ Ռեկտոր Զաքոյանը նշեց, որ սա բավականին զգայուն թեմա է թե բուհի ֆինանսական կայունության եւ թե ուսանողական համակազմի համալրման առումով, ուստի անհրաժեշտ է վարձաչափերի հիմնավորված վերանայման պատասխանատվությունը ստանձնել՝ լրացուցիչ հաշվարկների եւ մրցակցային միջավայրի ճիշտ գնահատման միջոցով։ Որոշվեց այս հարցով քվեարկությունն անել մի քանի օր անց՝ առցանց ձեւաչափով։






















