Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանի եւ ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանի գլխավորությամբ Ագրոնոմիայի ֆակուլտետի տարբեր մասնագիտությունների մի շարք ուսանողներ նախորդ շաբաթվա վերջում եղան Ոսկահատի ուսումնափորձարարական տնտեսությունում։ Այցը համընկավ համալսարանի գործընկեր Երեմյան փրոջեքթսի հետ համատեղ եգիպտացորենի բերքահավաքի հետ, որի ժամանակ օգտագործվեց հոլանդական բարձրակարգ տեխնիկա, այդ թվում մամլիչ-բարդոցիչը։
Բերքահավաքի գործընթացին հետեւելուց եւ դասախոսներից համապատասխան բացատրություններ ստանալուց հետո ուսանողները ուսումնաճանաչողական այցը շարունակեցին Ոսկահատի տնտեսության՝ «արգենտինյան» հատվածում։ Պարոն Թովմասյանի եւ պարոն Նազարյանի բացատրություններով ծանոթացան ընդհանուր 1,5 հեկտարի վրա հիմնված տաքդեղի, վարունգի եւ սմբուկի ցանքերի ընթացիկ վիճակին, արգենտինացի գործընկերների հետ գործակցաբար կիրառված աճեցման նոր տեխնոլոգիաներին։ Մասնավորապես տեսան կարկտապաշտպան ցանցերի միջոցով ստվերարկված եւ բաց դաշտում բույսերի վիճակի եւ բերքատվության ցուցանիշների տարբերությունները։
Ուրախալի փաստ պետք է արձանագրել․ ուսանողները՝ ագրոնոմները, բույսերի պաշտպանները, բավականին լավ գիտելիքներ ցուցաբերեցին եւ, որ կարեւոր է՝ «առատորեն» հարցեր տվեցին եւ դասախոսներից ստացան իրենց հետաքրքրող հարցերի սպառիչ պատասխանները։ Այցը շատ նպատակային փորձառություն էր նրանց համար։ Սակայն, ինչպես «խոստացան» պարոն Թովմասյանը եւ պարոն Նազարյանը, դեռ շատ բան ունեն սովորելու թե լսարանում եւ թե դաշտում։
Ուսանողները այցելեցին նաեւ Ոսկեհատի ՈՒՓՏ-ի խաղողի այգի, ծանոթացան աճեցվող սորտերին, բերքատվությանը եւ համտեսեցին արդեն հասունացած խաղողը։