Ուիզ քոդ ակադեմիայի սաները ծանոթացել են ՀԱԱՀ ճարտարագիտական մի շարք սարքավորումների

Օրերս ՀԱԱՀ Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ կիրառական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր «Գյուղատնտեսական ռոբոտաշինության եւ մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Արա Ամիրյանն ընդունել է Ուիզ քոդ ակադեմիայի սաներին՝ հիմնադիր տնօրեն Մարինե Կոստիկյանի գլխավորությամբ։

Ակադեմիայի պատվիրակությունը, հիմնականում՝ միջին դասարանների աշակերտներ, մեծապես հետաքրքրված էին ՀԱԱՀ ջերմատան ֆարմբոտ ռոբոտային համակարգի, ինչպես նաեւ ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնի եւ գյուղատնտեսական ԱԹՍ-ների լաբորատորիայի գործունեությամբ։ Պատանիները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան սարքավորումներին, գյուղատնտեսության տարբեր ենթաոլորտներում դրանց կիրառական նշանակությանը, ինչ-որ չափով՝ նաեւ այն կրթական ծրագրերին, որոնց գործնական բաղադրիչն ապահովվում է դրանցով։

Ագրարայինի մասնագետները հաճելիորեն զարմացած էին երեխաների գիտելիքներով, ապագա մասնագիտության հարցում գրեթե որոշարկված կողմնորոշումներով եւ քննարկվող թեմաներին հասուն մոտեցումներով։

2010 թ․ հիմնադրված Ուիզ քոդ ակադեմիան իրականացնում է 6-18 տարեկան երեխաների եւ պատանիների համար հատուկ մշակված արտադպրոցական ծրագրեր ռոբոտաշինության, ծրագրավորման հիմունքների, վեբ ծրագրավորման, խաղերի մշակման, գրաֆիկական դիզայնի, անիմացիայի, ճարտարագիտության, օտար լեզուների, արվեստի, սպորտի եւ այլ բնագավառներում: