THE MASTER  նախագիծ. Մեր մագիստրոսը երկրորդն է լավագույն հնգյակում

Երկրի բուհերում տարեկան քանի՞ կիրառական նշանակությամբ մագիստրոսական թեզ են պաշտպանում: Դրանցից քանի՞սն է, որ կարող է կյանքի կոչվել, անմիջապես ներդրվել: Հարցերի պատասխանները ստանալու նպատակով ACTUAL ընկերությունը փորձեց ուսումնասիրել այս տարի երկրի բուհերում պաշտպանության ներկայացված մագիստրոսական ավարտաճառերի համապատկերը:

-Շուրջ մեկ ամիս առաջ մեզնից խնդրել էին փոխանցել 90 եւ ավելի բարձր գնահատականի արժանացած մագիստրոսական թեզերը,- ասում է ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը,- 14 աշխատանք ներկայացրինք եւ Վահե Մուրադյանի ավարտաճառն արժանացավ երկրորդ մրցանակի: Երկրում լավագույն հնգյակի շարքում է մեր շրջանավարտը,-անթաքույց հպարտությամբ ասում է դեկանն ու հավելում,- ի միջի այլոց, ժյուրիի կազմում միայն մեր բուհից ներկայացուցիչ չկար:

Մի հետաքրքիր մանրամասն եւս՝ ներկայացված 38 հայտից 14-ը ագրարայինցիներ էին: Ասել է թե մեկ երրորդից ավելին: THE MASTER նախագծի հեղինակ Լաուրա Վիրաբյանը հույս ունի՝ մրցանակաբաշխությունն այնքան հեղինակավոր կդառնա, որ գործատուները CV-ների մեջ այս կետը տեսնելիս համոզված կլինեն՝ լավագույն մասնագետ է իրենց դիմել:

Վահե Մուրադյանն էլ համոզված է, որ այս հրաշալի նախաձեռնության շնորհիվ լավագույն գաղափարները, ծրագրերը կնպաստեն հայրենի տնտեսության զարգացմանն ու վերելքին:

Խորհրդանշական է, որ ուսումնասիրությունների արդյունքներն ամփոփվել եւ մրցանակները հանդիսավորությամբ շնորհվել են Ագրարայինում, Ագրիթեք սրահում:

Շնորհավորում ենք մեր սանին եւ THE MASTER  նախագծի առաջին հաղթողներին ու մաղթում, որ իրականանան իրենց բոլոր երազանքները, մտահղացումները, ծրագրերը՝ ի նպաստ եւ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության: