ՊՀԾ-ն կօժանդակի ՀԱԱՀ-ի կրթահետազոտական ծրագրերին․ ստորագրվել է համաձայնագիր

Այսօր՝ ապրիլի 26-ին, Սյունիքի մարզպետարանում ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի պատասխանատու, գրասենյակի ղեկավարի տեղակալ Նանա Սկաուն համաձայնագիր են ստորագրել ՊՀԾ-ի «Փոքր գյուղացիական տնտեսությունների արդյունավետության բարձրացում՝ Խելացի գյուղատնտեսության բարձրտեխնոլոգիական կենտրոնում եւ ՀԱԱՀ գյուղատնտեսական կրթական գիտասփյուռ ծառայություններում ներդրումների միջոցով» օժանդակության ծրագրի իրականացման վերաբերյալ։

Համաձայնագրի ստորագրմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը եւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Ծրագիրը տեւելու է 12 ամիս: Այն աննախադեպ հնարավորություններ է բացում  ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում կրթության որակի եւ կիրառական հետազոտությունների իրականացման, Սյունիքի մարզում գյուղատնտեսության եւ ագրոբիզնեսի ոլորտում նորարարական գործելակերպերի ներդրման, փոքր ֆերմերային տնտեսությունների համար գիտասփյուռ-խորհրդատվական ծառայությունները մատչելի դարձնելու, ՀԱԱՀ փորձագետների ուժերով ֆերմերների վերապատրաստման միջոցով արտադրողականության աճ ապահովելու համար։

Որպես արդյունք, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում կստեղծվի խելացի գյուղատնտեսության կենտրոն՝ 1,5 հա տարածքի վրա՝ հողի անալիզի լաբորատորիայով, արդեն գործող կաթնամթերքի փորձարարական լաբորատորիայով, 5000 ք․ մ․ տարածքով ինտենսիվ այգիով, ավելի քան 300 ք․ մ․ տարածքով նորարարական ջերմատնով, եղանակային կայանով, գյուղատնտեսական մեքենաների ուսումնական կենտրոնով եւ ժամանակակից այլ ենթակառույցներով, որոնք հագեցած են լինելու գերժամանակակից տեխնոլոգիաներով ու սարքավորումներով։ Ակնկալվում է, որ վերապատրաստման եւ խորհրդատվություն ստանալու նպատակով տարեկան Խելացի գյուղատնտեսության կենտրոն կայցելի շուրջ 300 շահառու։ Բացի այդ, ճանաչողական, մասնագիտական կողմնորոշման եւ գյուղատնտեսական տարբեր հմտություններ ձեռք բերելու համար այստեղ կայցելեն հարյուրավոր դպրոցականներ Սյունիքի եւ այլ մարզերից։

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը եւ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ըստ արժանվույն գնահատեցին խոստումնալից հեռանկարները, որ այս նախագիծը բացում է Սիսիանի մասնաճյուղի, ֆերմերային հանրության եւ առհասարակ մարզի տնտեսական զարգացման տեսակետից եւ շնորհակալություն հայտնեցին ՊՀԾ-ին մեծարժեք ներդրման համար։

Մարզպետարանում ստորագրվեց եւս մեկ՝ եռակողմ պայմանագիր էկոնոմիկայի նախարարության, ՊՀԾ-ի եւ մարզպետարանի միջեւ, որը վերաբերում է Սյունիքի մարզում ՊՀԾ-ի աջակցությամբ պարենային ապահովության եւ գյուղատնտեսության զարգացմանը միտված ծրագրերին։