Շարժունության պատմություն․ վերապատրաստում Ռումինիայում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում 2022 թ.-ի մայիսի 16-ից 20-ը մասնակցել եմ վերապատրաստման Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա)։

Հանդիպման առաջին օրը հյուրերի  (Իսրայել, Ալգերիա, Եգիպտոս, Ուկրաինա) հետ ծանոթությունից հետո  ան. գ. թ. Միհաելա Նիկուլաեի ուղեկցությամբ ծանոթացել եմ հյուրընկալող համալսարանի ուսումնական և գիտական բազային, բուհի կրթական ռեսուրսներին և կարողություններին։ Ուշագրավն այն էր, որ համալսարանում թե բակալավրային և թե մագիստրոսական կրթությունում բացի ազգայինից, կային անգլերեն և ֆրանսերեն կուրսեր: Մասնակցել եմ պրոֆեսոր Դան Սորինի դասախոսությանը, որը նվիրված էր սպանդանոցներին ներկայացվող ազգային պահանջներին:

Այցելություն եմ ունեցել տարածաշրջանային անասնաբուժական սանիտարական փորձաքննության և սննդամթերքի անվտանգության լաբորատորիա, որտեղ վերջինիս ղեկավարը՝ պրոֆեսոր Մարիան Միհաուն ներկայացրեց լաբորատորիայի բաժինները և իրականացվող փորձարկումները։

Հաջորդ այցս  ասիստենտ Անդրե Բորշայի ուղեկցությամբ եղել է սննդագիտության և տեխնոլոգիայի ֆակուլտետ, որը հիմնադրվել է 2012 թ-ին։ Ֆակուլտետը պատրաստում է սննդամթերքի տեխնոլոգներ, սննդի որակի վերահսկման, սննդամթերքի փորձաքննության և սննդագիտության ոլորտի մասնագետներ։ Համալսարանն ուներ առանձին ենթակառույցներ՝ տեխնոլոգիական հոսքագծեր (կաթի և կաթնամթերքի, հրուշակագործության, գարեջրագործության), որտեղ գործնական դասերն են անցկացնում ուսանողները։ Իհարկե համտեսեցինք նաև ուսանողների մեծ ոգևորությամբ պատրաստած մթերքները, որոնք  պատրաստվել  էին Սննդի փառատոնի համար։

Կազմակերպվեց նաև մշակութային այց քաղաքի տեսարժան վայրեր:

Հատուկ ցանկանում եմ նշել հյուրընկալող համալսարանի կազմակերպչական բարձր մակարդակը, անձնակազմի բարյացակամ և պրոֆեսիոնալ մոտեցումը: Շարժունության կարևոր արդյունք եմ համարում դասախոսական կազմի փորձի փոխանակումը, դասավանդման առանձնահատկություններին, նորարարական մոտեցումներին ծանոթանալը և շարունակական համագործակցության ամրապնդումը:

Դասընթացից ձեռք բերված փորձը կօգտագործվի ամբիոնում դասավանդվող առարկաների բարելավման համար և մեծ ուշադրություն կդարձվի գործնական աշխատանքներին, ինչպես նաև կկազմակերպվի փորձի փոխանակում գործընկերների հետ: Այս դասընթացը սկիզբ դրեց նոր ծանոթությունների, նոր գիտելիքների և փորձի, ինչպես նաև նոր երկրի ու մշակույթի բացահայտման:

Սիրանուշ Ալթունյան

ԱՍՓ,սննդամթերքի անվտանգության և հիգիենայի ամբիոնի վարիչ, ան.գ.թ. դոցենտ