Միջազգային մրցույթ՝ տարվա ուսանող․ խելացի, պատրաստակամ եւ համեստ

Անվայելության չափ համեստ Ռազմիկ Դանիելյանը կտրականապես մերժեց նկար տալ կամ լուսանկարվել: Բացառվում է: Չի սիրում: Զարմանում է՝ ինչի՞ համար: Իսկ մենք ընդամենը ուզում էինք, որ ագրարայինցիները հականե-հանվանե ճանաչեն այս տարվա լավագույնին:

Սովորում է հողային եւ ջրային ռեսուրսների ճարտարագիտություն կրթական ծրագրի մագիստրատուրայում: ՈՒԳԸ վերջին՝ 23-րդ նստաշրջանում, ֆակուլտետային փուլը փայլուն հաղթահարելուց հետո զեկուցում կարդաց նաեւ Զարթոնքում՝ լիագումար նիստում:

Համակուրսեցիների համար Ռազմիկը ամենահուսալի պատվարն է (իրենց մասնագիտության եզրույթն օգտագործենք), որին միշտ կարելի է ապավինել, դիմել, կանչել օգնության եւ երբեք աջակցությունը չի ուշանա: Եւ ամեն ինչ կանի էնպես, որ չմտածեն, թե մեծ բան է կատարվել: Սովորական: Առօրեական: Առանց կեցվածքի ու հերոսացման:

Ռազմիկ Դանիելյանը մասնակցել է ՌԴ-ում հայտարարված ուսանողական գիտահետազոտական՝ Տարվա ուսանող առցանց մրցույթի եւ արժանացել է առաջին կարգի դիպլոմի: Շնորհակալագրի է արժանացել հետազոտական աշխատանքի գիտական ղեկավար Գուրգեն Եղիազարյանը: Շնորհավորում ենք:

Ռազմիկը TOEFL-ը հանձնել է գերազանց արդյունքով, իսկ դա նշանակում է գիտությամբ զբաղվելու պատվաբեր իրավունքը ամենաբարձր նշաձողով է նվաճել: Եւ մեզ մնում է միայն հաջողություն մաղթել, համոզմունքով, որ մեր սրբագույն հող ու ջրի հոգսերը թեթեւացնողներից մեկն էլ նա է լինելու: