Սննդագիտության և կենսատեխնոլոգիաների ԳՀԻ

ՀԱԱՀ-ի կազմում որպես կառուցվածքային ստորաբաժանում կազմավորվել է 2010թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության որոշմամբ: Համաձայն ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018 թ. նոյեմբերի 6-ի նիստի որոշման՝ ինստիտուտը վերանվանվել է Սննդագիտության և կենսատեխնոլոգիաների ԳՀԻ: Բաղկացած է երեք բաժիններից՝

1959թ. կաթի և կաթնամթերքների տեխնոլոգիայի ամբիոնի աշխատակիցների նախաձեռնությամբ ստեղծվեց կաթնամթերքի պրոբլեմային լաբորատորիա, որն իր կազմում ուներ 5 բաժին և կաթնաթթվային մանրէների գենոֆոնդ (թանգարան), որն այսօր էլ միակն է հանրապետությունում, ուր պահպանվում են հարյուրավոր նույնականացված, հավատարմագրված մանրէներ, որոնք, որպես մակարդներ, օգտագործվում են մանկական սննդամթերքի (Ացիդոֆիլին, Նարինե), թթու կաթնամթերքի և պանրի արտադրությունում:

Կաթնաթթվային մանրէները, ֆերմենտները և կենսաբանական ակտիվ նյութերը, որպես դիետիկ, կանխարգելիչ, բուժիչ, հակաօքսիդիչ մթերքներ, լայն տարածում են գտել կաթնամթեքի, հացաթխման արտադրություններում, սննդամթերքի պահածոյացման, ֆերմենտային պատրաստուկների ստացման, բժշկության և դեղագործության բնագավառներում:

Լաբորատորիայում ուսումնասիրվել է նաև ռենտգենյան ճառագայթների և մագնիսական դաշտի ազդեցությունը կաթնաթթվային մանրէների ֆիզիոլոգամորֆոլոգիական, գենետիկական (ժառանգական` ԴՆԹ, ՌՆԹ), կենսատեխնոլոգիական, կենսաքիմիական, կառուցվածքամեխանիկական հատկությունների, երկրորդային հումքի (շիճուկ, յուղազուրկ կաթ), կաթնամթերքի որակի (սննդային, կենսաբանական, էներգետիկ արժեք) և անվտանգության ցուցանիշների վրա:

Կենդանական ծագման մթերքի և կաթնաթթվային մանրէների գենոֆոնդի բաժինը ներկայումս մշակում է կովի, այծի, ոչխարի, սոյայի կաթից, բուսական ծագման հումքից, դրանց խառնուրդներից մանկական դիետիկ, թթու կաթնամթերքի և պանրի պատրաստման անթափոն տեխնոլոգիաներ, սննդի նպատակով երկրորդային հումքի (թան, շիճուկ, յուղազուրկ կաթ) անկորուստ օգտագործման եղանակներ: Օգտագործվում են տեղական բարձր էկոլոգիական պոտենցիալ ունեցող մանրէների մակարդներ և պատրաստուկներ, ինչը զգալի չափով կարող է կրճատել շրջակա միջավայրի աղտոտվածությունը:

Կաթնաթթվային մանրէների գենոֆոնդի ընդլայնումը թույլ կտա կաթ վերամշակող ձեռնարկություններն ապահովել ցածր ինքնարժեք ունեցող, բարձրորակ և անվտանգ կաթնամթերք արտադրելու համար անհրաժեշտ տեղական, էկոլոգիապես մաքուր մերաններով, ֆերմենտներով, խտանյութերով, կենսաբանական ակտիվ նյութերով, կայունացուցիչներով, լցոններով:

Գիտական հետազոտությունները մեծ ճանաչում են գտել միջազգային ասպարեզում, ինչի արդյունքում գիտական կապեր են հաստատվել ԱՊՀ-ի և արտասահմանյան մի շարք գիտակրթական կառույցների հետ: