Բուսական ծագման մթերքի և հումքի վերամշակման տեխնոլոգիայի բաժին

Վարդան Յավրույան

տեխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, I մասնաշենք, 112 սենյակ
  • (+374) 10 560424, ներքին՝ 386
  • Yavruyan@rambler.ru

Պատմությունը և նպատակը

Որպես կառուցվածքային ստորաբաժանում` ձևավորվել է 2011թ. և իրականացնում է բուսական ծագման մթերքի և հումքի վերամշակման նորագույն տեխնոլոգիաների կատարելագործման ծրագիրը: Պրոֆեսոր Վ.Ն. Յավրույանի ղեկավարությամբ բաժնում հետազոտություններ են իրականացնում 13 աշխատակից, որոնցից գիտական աստիճան ունեն 9-ը։ Բաժնում աշխատանքները տարվում են 3 ուղղություններով.

  1. Բուսական հումքատեսակների պահպանության և վերամշակման գործընթացների կատարելագործում նանոտեխնոլոգիաների կիրառումով: Այս ենթաթեմայի նպատակն է հետազոտել նանոմասնիկների հակամիկոտոքսինային հատկությունները, պարզաբանել բուսական հումքի վրա նրանց ազդեցության մեխանիզմները և մշակել նանոմասնիկների կիրառումով այդ հումքատեսակների երկարաժամկետ պահպանության և վերամշակման տեխնոլոգիաներ:

  2. Սպիտակուցային նյութերով, սննդային թելքերով, վիտամիններով և հանքային նյութերով հարստացված ֆունկցիոնալ նշանակության հացաբուլկեղենի և ալրային հրուշակեղենի արտադրության տեխնոլոգիաների մշակում, որի նպատակն է ֆունկցիոնալ կանխարգելիչ նշանակության հացաբուլկեղենի և ալրային հրուշակեղենի տեխնոլոգիաների մշակումը, որոնցում որպես սպիտակուցների աղբյուր պետք է օգտագործվի սոյայի սպիտակուցի իզոլյատ, ցորենի սննդային թեփ և վիտամինահանքային խառնուրդ:

  3. Խնձորակաթնաթթվային խմորման կարգավորմամբ հատապտղային բարձրորակ սեղանի գինիների ստացման տեխնոլոգիաների կատարելագործում: Նպատակն է` կատարելագործել պտղահատապտղային գինիների տեխնոլոգիաները` դրանցում ներառելով խնձորակաթնաթթվային խմորման բաղադրիչ:

Բուսական ծագման մթերքի և հումքի վերամշակման տեխնոլոգիաների բաժնի առջև ծառացած են մի շարք խնդիրներ․ մասնավորապես, ուսումնասիրել տարբեր գործոնների ազդեցությունը խնձորակաթնաթթվային խմորման ընթացքի վրա, սպոնտան խնձորակաթնաթթվային խմորման հավանականությունը և այն կաթնաթթվային բակտերիաների մաքուր կուլտուրայով տանելու պայմանները, խնձորակաթնաթթվային խմորման ձևից և ընթացքից կախված` գինենյութերի ֆիզիկաքիմիական մի շարք ցուցանիշների փոփոխությունը: Նախորդ տարիների գիտական թեմաների կատարման արդյունքում մշակվել են մի շարք սարքավորումներ ու տեխնոլոգիաներ, մասնավորապես`

  • պահածոյացված ձիթապտղի չափարկման և ծակոտման տեղակայանք,
  • կոլերների շշերի ստուգման կիսաավտոմատ,
  • պահածոյատուփերի վակուում մակափակման տեղակայանք,
  • բանջարեղենի տապակման փոքրածավալ տեղակայանք,
  • մրգակորիզների վերամշակման սարքավորումների համալիր,
  • բանջարեղենի խորովման կարուսելային ավտոմատ,
  • խաղողի միջվազային տարածության մշակության մեքենա,
  • մոտոբլոկի հետ ագրեգատավորիչ սրսկիչ,
  • հիդրոպնևմատիկ շարքացան,
  • խաղողի սերմերից բուսական յուղի ստացման հոսքագիծ,
  • սննդարտադրության թափոնների բրիկետավորման տեղակայանք,
  • պտղաբանջարեղենի համակցված չորացման տեղակայանք,
  • ծխախոտի խոնավացման տեղակայանք,
  • հայկական վերմուտ գինու տեխնոլոգիա,
  • հատիկասպիրտային տակուցքի օգտահանման (վերամշակման) հոսքագիծ,
  • մրգակորիզների բուսայուղերի արտադրության հոսքագիծ:

Վերջին տարիներին բաժնի աշխատակիցների կողմից հրատարակվել են 39 գիտական աշխատություններ, այդ թվում` հոդվածներ, մեթոդական ցուցումներ, ուսումնական ձեռնարկներ։