Գինի, գինու կրթություն եւ ավելին․ ռեկտոր Վարդան Ուռուտյանը Գերմանիայում է

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կազմակերպած ճանաչողական-աշխատանքային այցի շրջանակում գտնվում է Գերմանիայում։ Պատվիրակության կազմում են նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Բուսաբուծության վարչության պետ Վարսիկ Մարտիրոսյանը, Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության զարգացման հիմնադրամի մասնագետ Արամայիս Մկրտչյանը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենոմիկայի խմբի ղեկավար Քրիստինե Մարգարյանը եւ GIZ-ից Յուլիա Ստակյանը։

Այցի հիմնական նպատակն է ծանոթանալ վիրուսազերծ տնկանյութի արտադրության, գրանցման, հավաստագրման գործընթացներին։ Քննարկվում է Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսության բազայի վրա խաղողի վիրուսազերծ տնկանյութ արտադրելու եւ ընդհանրապես տնկարանային տնտեսություն հիմնելու հնարավորությունը։

Գայզենհայմի համալսարանը, որ ուղեւորության հիմնական թիրախն է, գինեգործական կրթության առաջատար եվրոպական համալսարաններից մեկն է։ Վերջին տարիներին ակտիվ համագործակցություն է ծավալվել այս համալսարանի եւ ՀԱԱՀ-ի ու Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի հետ։

Այցը սկսվեց նոյեմբերի 20-ին՝ Ռայխսգրաֆ ֆոն Քեսելշտատի խաղողաբուծական կենտրոնի խաղողի այգում շրջայցով եւ գինու համտեսով՝ փորձագետ Ռայներ Ռութիգերի ուղեկցությամբ, որն, ի դեպ, հայաստանյան մի քանի գինեգործարանների խորհրդատու է։

Այցի երկրորդ օրը պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ Գյուղատնտեսության պալատում, այնուհետեւ Գայզենհայմի համալսարանի Խաղողագործության ֆակուլտետում։ Գերմանական կողմից հանդիպումներին մասնակցում էին պրոֆ․ Յոհախիմ Շմիդը եւ Ռալֆ Բենգելը։ Փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տեղեկություններ, քննարկվեցին  համագործակցության շարունակմանը եւ ընդլայնմանն առնչվող հարցեր։

Հաջորդ օրվա ժամանակացույցում ներառված էին Բույսերի մշակաձեւերի դաշնային վարչությունը եւ Յուլիուս Կյուհն ինստիտուտը։ Նոյեմբերի 23-ին նախատեսված էր այցելություն ԱՆՏԵՍ խաղողի մասնավոր տնկարան, որտեղ հայ գործընկերներին դիմավորեցին հիմնադիր Ռայնհարդ Անտեսը եւ տնօրեն Անյա Անտեսը։ Հանդիպում եղավ նաեւ Հայլբրոնի կիրառական գիտությունների համալսարանում։ Առաջիկայում համագործակցության հուշագիր կկնքվի նաեւ այս համալսարանի հետ։ Հայլբրոնի համալսարանի գործըկերները հետաքրքրված են, մասնավորապես, Գինու բիզնեսի եւ մարկետինգի կրթական ծրագրով։

Պատվիրակությունը եղավ նաեւ Գայզենհայմի համալսարանի եւ Յուլիուս Կյուհն ինստիտուտի միկրոգինեգործարաններում, որտեղ գինու ներուժի գնահատման միջոցով փորձարկվում են խաղողի տարբեր մշակաձեւեր (սորտեր)։

Այցը շարունակվում է, սպասվում են այլ հետաքրքիր հանդիպումներ, քննարկումներ, ինչպես նաեւ հայկական գինու վերաբերյալ ներկայացումներ ու համտեսներ։