Ապագա հավաստագրողներն ու փորձորոշողները կրկին բուսասանիտարիայի լաբորատորիայում են

Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մասնակիցները հերթական՝ երկրորդ եւ երրորդ այցելություններն են ունեցել ՍԱՏՄ բուսասանիտարիայի լաբորատորիա՝ հունիսի 24-ին եւ հուլիսի 15-ին: Նրանց կրկին ջերմորեն է ընդունել բուսասանիտարիայի լաբորատորիայի վարիչ Լարիսա Սիմոնյանը:

Ծրագրի մասնակիցները նախ ծանոթացել են պտղահատապտղատու մշակաբույսերի տնկանյութի բուսասանիտարական (միջատաբանական բուսաախտաբանական, հելմինտոլոգիական, մոլախոտաբանական) հետազոտությունների իրականացման առավել տարածված մեթոդներին (ակնադիտական եւ գործիքային հետազոտություն, ձագարային մեթոդ, ֆլոտացիոն մեթոդ, մանրադիտակային հետազոտություն), այնուհետեւ լաբորատորիայի աշխատակիցներ Տաթեւիկ Պետրոսյանի եւ Անուշ Գրիգորյանի ուղղորդմամբ կատարել տնկիների նմուշների հետազոտություն:

Ծրագրի մասնակիցները շնորհակալություն են հայտնում լաբորատորիայի աշխատակիցներին՝ ջերմ ընդունելության, արդյունավետ աշխատանքի եւ ձեռք բերած գործնական հմտությունների համար:

Դասընթացն իրականացնում է ՀԱԱՀ-ը՝ «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն» (EU-GAIA) նախագծի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միությունից եւ համաֆինանսավորվում Ավստրիական զարգացման համագործակցությունից։