Վերապատրաստում Նիդերլանդների Ռադբաուդի համալսարանի ամառային դպրոցում

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենի կողմից համակարգվող եւ Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ Միջազգային շարժունության ծրագրի շրջանակում 2022 թ. hունիսի 27-ից հուլիսի 1-ը ՀԱԱՀ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Վարդան Ալեքսանյանը եւ նույն ամբիոնի դասախոս, տ.գ.թ., դոցենտ Մերի Մանուչարյանը մասնակցեցին «Սոցիալական հետազոտության մեթոդներ. որակյալ փորձագիտական հարցազրույց» վերապատրաստման դասընթացին: Դասընթացը վարում էր Ստերլինգի համալսարանի հասարակության կապերի ավագ դասախոս, դոկտոր Ալյոնկա Ջելենը:

Դասընթացի մեկնարկը տրվեց Ռադբաուդի համալսարանի Կառավարման ֆակուլտետի դեկանի ողջույնի խոսքով, որը հակիրճ ներկայացրեց Ռադբաուդի համալսարանի պատմությունը, 7 ֆակուլտետները եւ 15 հետազոտական ինստիտուտները:

Առաջին օրվա սկիզբը ճանաչողական էր, մասնակիցները ներկայացրեցին իրենց, իսկ երկրորդ մասը նվիրված էր փորձագետների հարցազրույցները հասկանալուն։ Վերապատրաստման երկրորդ օրը նվիրված էր հարցազրույցների դաշտային աշխատանքների նախապատրաստման ռազմավարություններին եւ պլանավորմանը, երրորդ օրը՝ հարցազրույցին՝ որպես սոցիալական փոխազդեցություն, չորրորդ օրը՝ հարցազրույցի տվյալների մշակմանը եւ կառավարմանը, հինգերորդ օրը՝ փորձագիտական հարցազրույցների վերաբերյալ քննադատական անդրադարձին: Վերապատրաստման 5 օրերն անցան հագեցած ժամանակացույցով, մասնավորապես՝ ինտերակտիվ դասախոսություններ, խմբային առաջադրանքներ եւ քննարկումներ, իսկ 4-րդ օրը՝ հատուկ հարցազրույց հյուր-մասնագետի հետ:

Ամառային դպրոցը զուգակցվում էր երեկոյան սոցիալական միջոցառումներով:

Վերապատրաստման վերջին օրը նշանավորվեց հրաժեշտի եւ հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությամբ: Կազմակերպիչները հույս հայտնեցին, որ մասնակցիները հաջորդ տարի նույնպես կմասնակցեն ամառային դպրոցին: Վերապատրաստումը հիանալի հնարավորություն էր նոր գիտելիքների ձեռքբերման, փորձի փոխանակման, ինչպես նաեւ նոր կապերի ամրապնդման համար: