Ավարտաճառեր․ գինեգործության ոլորտում կանայք ազդեցիկ են դառնում

Գինեգործության ոլորտում կանայք ազդեցիկ են դառնում: Եւ հրաշալի է, որ այդպես է…

Ի՜նչ արագ է թռչում ժամանակը: Ասես երեկ էր, որ պատանեկությունից երիտասարդության փուլ` համալսարան նոր ոտք դրած, զարմացած, վախվորած, հմայված մարդիկ այսօր ավարտում են բակալավրիատն ու լուրջ հայտ են ներկայացնում ոլորտում ակնառու տեղ զբաղեցնելու առումով:

Ավարտական աշխատանքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի լաբորատորիայի վարիչ Շուշան Հարությունյանը հենց սկզբից հորդորեց, որ նյութի մատուցման լեզուն գրագետ լինի, բացառապես մասնագիտական բառամթերքով: Ճիշտ հոդոր էր:

Ֆակուլտետի դեկան, տ.գ.դ., դոցենտ Սմբատ Դավեյանը, թողարկող ամբիոնի վարիչ եւ մասնագիտության համակարգող, տ.գ. թ., դոցենտ Նունե Սիմոնյանը յուրաքանչյուր ուսանողի համար հավասարապես հուզվում, անհանգստանում, հմայվում, հպարտանում էին: Փայլուն ուսանողներ շատ կան այս կուրսում:

Ցուցադրական նյութերը մեծ մասամբ պատրաստված են բծախնդրորեն-ճաշակով, ընդհուպ մինչեւ գեղարվեստական լուծումներով: Սա էլ ցուցանիշ է ու խոսում է այն մասին, թե երիտասարդն ինչպես է ներկայացնում իր աշխատանքը, որքան է սիրում մասնագիտությունը:

Հայաստանի Երիտասարդ գինեգործների միության նախագահ Մարիամ Միրանյանը գինու նոր համ ու բույր է ստացել եւ հանձնեց ներկաների դատին:

-Ինչպե՞ս կգնահատեք Ձեր պատրաստած գինին,-հարցնում է հանձնաժողովի անդամ Աղասի Կարապետյանը, որն, ակներեւ էր՝ գոհ էր արդյունքից:

-Այդ հարցին, կարծում եմ, մագիստրոսական թեզը պաշտպանելիս ավելի հստակ կպատասխանեմ,-համարձակ ու վստահորեն ասում է Մարիամը:

Շահանեն տարիներ շարունակ փորձուսուցման շրջանն անցկացրել է «Արմենիա Վայն» ընկերությունում: Թեզի հետ կապված բոլոր հետազոտություններն էլ այնտեղ է արել, արդեն չորս գիտական հոդվածի հեղինակ է եւ աշխատանքները շարունակելու է մագիստրատուրայում:

Գավաթները շարված են, մեղրից ու հազար ու մի այլ՝ անսպասելի նյութերից գինիները շշալցված են, խցանահանները պատրաստ են գործադրվելու… ավարտական աշխատանքների պաշտպանությունը փայլուն անցավ: