Ազգային գրադարանային շաբաթ. ի՞նչն է Երկրին ստիպում պտտվել

Ի՞նչն է Երկրին ստիպում պտտվել. հարցնում էր Սարոյանն ու անմիջապես պատասխանում՝ սերը եւ միմիայն սերը: Սիրո ու բարության ակնհայտ պակաս կա այսօր կոշտացած աշխարհում, եւ շտկողը մանկան, պատանիների մաքրությունն է լինելու: Պետք է գիրք կարդանք, որ չչարանանք: Պետք է Սարոյան կարդանք, որ չչարանանք: Եւ վարժարանի ու քոլեջի սաները կարդացել էին, մեկ ումպով կլանել էին, իրենցով էին արել Սարոյանին:

«Ինչ-որ տեղ, ինչ-որ բան սխալ է», – պնդում էր Սարոյանը, իսկ պարմանիները նրան ճիշտ են հասկանում: Սա հերթական «միջոցառում» չէր, մարդուն մարդ պահելու ճիգ էր, եւ պսակվեց հաջողությամբ: Միասին նստած մտորում են մեր սաներն ու պատճառ են դառնում, որ ավագներն էլ, կյանքի խելահեղ ռիթմի պայմաններում, մտածելու ժամանակ ունենան:

Ե´ւ վարժարանի, ե´ւ քոլեջի ուսուցիչները իրավամբ հմայվում, հիանում են իրենց սաներով, հարցեր են տալիս, գոհանում են պատասխաններով: Նույնիսկ մրցել-մրցակցելու փորձ չեն անում: Միասին են, մի բուռ հայեր, որ Սարոյան են վայելում:

-Մի լավ մշակութային ստեղծագործություն էր սա, – ավարտին գրադարանի աշխատակիցների, մանկավարժների, սաների մասին դրվատանքի խոսք ասաց գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանն ու ռեկտորի անունից շնորհակալագրեր հանձնեց:

Վիլիի սիրտը լեռներում էր եւ է (բառի ուղիղ իմաստով, հենց սիրտը ի պահ բերվեց Հայաստան), իսկ մենք ապրում ենք այստեղ՝ լեռներում: Մեր սարերը մենք ենք: Ամուր: Եւ այդ ամուր ու անսասան մնալուն օգնում է նաեւ Սարոյանը…