ՀԱԱՀ դասախոսները ջանում են դառնալ ավելի լավը. դա նաեւ ուսանողների ցանկությունն է

mariam movsisyan, eduard ghazaryan, arman tonikyan

Էրազմուս + եւ TOPAS ծրագրերի շրջանակում իրականացվեց երկրորդ խումբ դասախոսների վերապատրաստումը: Մարտի 25-ին ամփոփվեցին արդյունքները:

Նախօրեին, դասընթացի մասնակիցներին դասընթացավար Գագիկ Կիրակոսյանը հանձնարարել էր իրենց ուսանողների շրջանում հարցախույզ անցկացնել, պարզելու համար, թե երիտասարդները դասախոսի որ հատկություններն են առաջնահերթ համարում, կարեւորում: Ամփոփումից պարզվում է՝ երիտասարդների համար կարեւոր է, որ դասախոսը լինի խոր գիտելիքներով, խելացի, անձնական բարձր հատկանիշներով, հարգանք տածի սաների հանդեպ: Հումորի զգացումն էլ վերջին պահանջներից չէ: Շատ էական, կողմնորոշիչ արդյունքներ են սրանք, որոնք կարող են եւ պետք է ուղենիշ լինեն մեր դասախոսների համար:

Միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար, ա.գ.թ., դոցենտ Գարեգին Համբարձումյանը հակիրճ ներկայացրեց գիտելիքի եւ տվյալների պատկերագրման եւ հեռավար համակարգում ինտերակտիվ ուսուցման ժամանակակից մեթոդներն ու նրբերանգները: Այս հմտությունները օգտաշատ կլինեն ոչ միայն լսարանային աշխատանքի ընթացքում, այլ նաեւ միջազգային գիտաժողովներին պատշաճ մակարդակով ներկայանալու համար:

Ամփոփելով այս բաղադրիչի արդյունքները, տնտեսագիտական ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի ընձեռած հնարավորությունների, բանախոսների փոխանցած հմտությունների, գիտելիքների համար: Նա նկատեց, որ քառօրյա «ուսանողական» կյանքի շնորհիվ մեր դասախոսները երիտասարդացել են:

Ավարտին՝ միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը դասընթացի ավարտական հավաստագրեր հանձնեց մասնակիցներին: