Գործակցային հուշագիր Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հետ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Միջազգային կապերի և կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը մարտի 22-ին այցելել են Հայաստանում ֆրանսիական համալսարան, որտեղ ՀԱԱՀ ռեկտորը գործակցային հուշագիր է ստորագրել այդ համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարի հետ:

Բերտրան Վենարը ներկայացրել է նորագույն տեխնոլոգիաների եւ ձեռներեցության զարգացման գործում համագործակցության իր տեսլականը, առաջիկա պլանները, եւ համագործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկներ արել, մասնավորապես՝ Ֆրանսիականի իրավաբանների ու տնտեսագետների եւ Ագրարայինի ագրոնոմների ու ճարտարագետների համատեղ աշխատանքների հնարավոր ուղղությունների վերաբերյալ: Մասնավորապես, առաջիկա ծրագրերի մեջ նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտում կառավարման ավտոմատացման գաղափարի մշակումը:

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ներկայացնելով ՀԱԱՀ-ի տեխնոլոգիական առաջընթացը, Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը, անցկացվող գյուղատնտեսական ստարտափների մրցույթները, նշել է նաեւ առաջիկայում գործարկվելիք կենսատեխնոլոգիաների ինկուբատորի մասին, որը նույնպես հնարավորություն կտա հետաքրքիր գաղափարներ առաջարկել եւ իրականացնել կոնսատեխնոլոգիաների կարեւոր բնագավառում:

Առաջիկայում սպասում ենք Ֆրանսիական համալսարանի պատվիրակության այցը մեր համալսարան, որը կլինի երկու համալսարանների միջեւ գործնական հարաբերությունների եւ բարեկամության խորացման եւս մեկ հանգրվան: