Ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ

Ագրարային համալսարանի սիրելի ուսանողներ:

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, աշխարհը նշում է Ուսանողների միջազգային օրը: Դուք տեղյակ եք, որ օրվա խորհրդի հիմքում ընկած է նացիստների ձեռքով 1939 թ. սպանված եւ համակենտրոնացման ճամբարներ քշված չեխ ուսանողների հիշատակը: Այսօր, ավելի քան ութ տասնամյակ անց, մենք այս խորհրդաշատ ու կարեւոր օրը սկսեցինք Եռաբլուր այցելությամբ՝ հարգանքի տուրք մատուցելու Ագրարային համալսարանի՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած 43 ուսանողների հիշատակին:

Տեղին կլինի ասել, որ չարը, որ դարաշրջանում էլ եւ ինչ դեմքով ու գույնով էլ որ հանդես գա՝ խոչընդոտում, խանգարում է ժողովրդի ու մարդկության ընթացքը, բայց երերում եւ ի վերջո ընկրկում է ճշմարտության առջեւ: Մեր 43 հերոսները, հազարավոր ուրիշների հետ, Ճշմարտության զինվորներն են եղել եւ այսօր էլ եʹն: Այս փառավոր փաղանգին, ցավոք, երեկ միացան Հայրենիքի սահմանները պաշտպանող նոր հերոսներ:

Այսօր եւ ապագայում նրանք մեր կողմնորոշիչ աստղերն են եւ Հայրենիքի հզորացման՝ իրենց կիսատ թողած գործը շարունակելու համար իրենք մեզ երեք անպարտելի զենքեր են ժառանգել՝ գիտություն, աշխատանք եւ արժանապատվություն:

Սիրելի ուսանողներ, շնորհավորելով տարեց-տարի նոր թափ ու խորություն ձեռք բերող այս գեղեցիկ տոնի՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ, որ դուք եւ մենք բոլորս՝ կրթության եւ երկրի տնտեսության հզորացման գործին լծված բոլոր շահակիցներս, արժանի լինենք մեր հերոսների իդեալներին, լավ տիրապետենք իրենց ավանդած խորհրդանշական զենքերին եւ տեղին ու ժամանակին բանեցնենք դրանք՝ հանուն այդ նույն իդեալների հաղթանակի:

Մեր ոչ դյուրին ժամանակներում Ագրարային համալսարանը, որի ուսանողները լինելու պատիվն ու պարտականությունն ունեք դուք, հետեւողականորեն առաջադիմում է իր առաքելության բոլոր ուղղություններով: Երկու-երեք տարի առաջ շատերի համար անհավանական էր թվում այն առաջընթացը, որ մենք ունենք այսօր՝ ոչ միայն գյուղատնտեսական կրթության տեսական ու գործնական բաղադրիչների զարգացման, այլեւ ոլորտում տեխնոլոգիական բարեփոխումները լսարանից դեպի դաշտ, այգի ու արտադրություն տանելու, գյուղի ու գյուղատնտեսության զարգացման ներուժ ունեցող հեռանկարային գաղափարներ կյանքի կոչելու եւ մի շարք այլ ուղղություններում:

Այսօր համալսարանում ձեր տրամադրության տակ են անընդհատ բարեփոխվող ուսումնական պլաններ, երկրում եւ տարածաշրջանում եզակի ուսումնահետազոտական եւ ուսումնաարտադրական ու լաբորատոր ենթակառույցներ, որ համալսարանի բազմաթիվ սերունդների երազանքն են եղել:

Բարեփոխումները շարունակական են, ինչպես եւ շարունակական է ձեր երթը դեպի մեր երկրի ավելի լավ ապագա, դեպի ձեր եւ Հայրենիքի նվիրական իդեալների իրականացում: Ինչպես միշտ՝ ցանկանում եմ, որ առողջ լինեք հոգով ու մարմնով, փնտրեք, խիզախեք ու նախաձեռնեք՝ բաղձալի խաղաղության պայմաններում, ձեր ընտրած մասնագիտության, ձեր գործի մեջ միշտ ձգտեք լինել առաջինը: