ՀԱԱՀ-ը AgroBioTech 2021 միջազգային գիտաժողովի համակազմակերպիչն էր

Նոյեմբերի 25-26 տեղի է ունեցել AgroBioTech 2021 «Գյուղատնտեսության, կիրառական կենսատեխնոլոգիայի եւ արդյունաբերական արտադրության զարգացման առաջնահերթ ոլորտները» թեմայով միջազգային գիտահետազոտական առցանց գիտաժողովը: Ռուսաստանի եւ Բելառուսի մի շարք կրթական ու գիտահետազոտական հաստատությունների շարքում գիտաժողովի համակազմակերպիչ էր նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը:

Գիտաժողովի նպատակն էր գյուղատնտեսության, կենսատեխնոլոգիայի եւ արդյունաբերության էկոհամակարգի առջեւ ծառացած գլոբալ մարտահրավերների տեսական ըմբռնումը, որը հնարավորություն կտա մշակել գործնական առաջարկություններ՝ բարելավելու նորարարական տեխնոլոգիաների ներդրման արդյունավետությունը եւ ապահովելու մասնագիտացված ձեռնարկությունների կայուն զարգացումը:

ՀԱԱՀ Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, ինչպես նաեւ լիագումար նիստի հիմնական զեկուցումներից մեկով, որի թեման ՀՀ պարենային անվտանգության ապահովման հիմնահարցերն էին: Մեր տնտեսագետներից գիտաժողովի մասնակիցների թվում էին նաեւ Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Վարդան Ալեքսանյանը եւ ամբիոնի մի քանի դասախոսներ:

Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի Բուսաբուծական ծագման մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի ասպիրանտ Քրիստինե Խանամիրյանը գիտաժողովին ներկայացրել է «Այլընտրանքային շաքարի բնական փոխարինիչով ալրային հրուշակեղենի տեխնոլոգիայի մշակում» զեկույցը։ Ամբիոնի դասախոս Նարինե Հովհաննիսյանի գնահատմամբ, նման գիտաժողովներին բուհի ասպիրանտների ներգրավվածությունը եւ միջազգային հարթակներում իրենց իրականացրած հետազոտական աշխատանքները պարբերաբար ներկայացնելը կարեւոր է քայլ է ոչ միայն համագործակցության զարգացման, այլեւ որակյալ կրթության ապահովման տեսակետից:

Միջազգային գիտաժողովի համատեղ կազմակերպման և արդյունավետ համագործակցության համար Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հայտնում է իր երախտագիտությունը Ռուսաստանի Դաշնության Գիտական հետազոտությունների աջակցման ասոցիացիային:

Գիտաժողովի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այստեղ: