Արեւմտյան Ատիկայի համալսարանի պրոֆեսորների այցը Էրազմուս+ ծրագրի շրջանակում

Ինչպես հաղորդում են ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտից, անցյալ շաբաթ ՀԱԱՀ-ն իրականացրեց «հետքովիդյան» իր երրորդ ներգնա շարժունությունը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում։

Այս անգամ մեր հյուրերն էին Արեւմտյան Ատիկայի համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները՝ մեքենաշինության ֆակուլտետի պրոֆեսոր Ջորջիոս Չամիլոտորիսը,  արդյունաբերական դիզայն եւ արտադրության ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսորներ Միխայիլ Պապոցիդակիսը եւ Դրասոս Քրիստոսը, որոնք համալսարան էին  ժամանել  վերապատրաստման նպատակով։

Այցի առաջին օրը հյուրերը այցելեցին ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեցին դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանի եւ աշխատակից Զարինե Պողոսյանի հետ։ ՄԿԴ պատասխանատուները ներկայացրեցին համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումները, կրթական համակարգն ու նորարարությունները, առցանց հարթակների կիրառումն ու դրանց նշանակությունը հատկապես հեռավար ուսուցման ընթացքում, ինչպես նաեւ ՀԱԱՀ-ի միջազգային համագործակցության առկա ծրագրերն ու հնարավորությունները։

Հյուրերը այցելեցին նաեւ ագրոտեխնոլոգիական ինկուբատոր, որտեղ հանդիպեցին ՄԿԿԲ աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանի եւ ինկուբատորի ծրագրի համակարգող Սուսաննա Հայրապետյանի հետ, որը ներկայացրեց  ինկուբատորի աշխատանքը, ինչպես նաեւ SMARTI Էրազմուս+ ՀԳ2 ծրագիրն իր վերջնարդյունքներով։ Տիկին Մովսիսյանը ներկայացրեց ՀԱԱՀ-ում կատարվող կրթական բարեփոխումները եւ համալսարանում ստեղծվող նոր ենթակառուցվածքները։

Հյուրերն առիթ ունեցան լինել ՀԱԱՀ տարբեր ստորաբաժանումներում եւ ծանոթացան տարբեր ենթակառուցվածքների՝ գիտական գրադարանի, սննդամթերքի անվտանգության լաբորատորիայի, տարբեր ամբիոնների գործունեությանը։ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական գիտահետազոտական ​​կենտրոնում կայացավ հանդիպում պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանի, դոցենտ  Նաիրա Ալոյանի եւ ասպիրանտ, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի մասնագետ Արմինե Համբարձումյանի հետ։ Պրոֆեսոր Եղիազարյանը հյուրերին ծանոթացրեց GeoTak Էրազմուս+ ՀԳ2 ծրագրին, ներկայացնելով ծրագրի հիմնական վերջնարդյունքներն ու կատարված աշխատանքները։

Ջորջիոս Չամիլոտորիսը եւ Դրասոս Քրիստոսն իրենց հերթին ներկայացրեցին Արեւմտյան Ատիկայի համալսարանը, որից հետո ծավալվեց քննարկում ագրարային ճարտարագիտության ոլորտի կրթական եւ գիտական աշխատանքների արդիականացման վերաբերյալ։ Քննարկվեցին նաեւ հետագա համագործակցության ընդլայնման եւ ամրապնդման բոլոր հնարավոր ուղիները։