Ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության զարգացման խոստումնալից փուլ․ մեկնարկեց AFISHE նախագիծը

Այսօր՝ հունվարի 25-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայիայում կայացավ «Ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում եւ Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման նախագծի մեկնարկային հանդիպումը: Նախագծի համակարգողը Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է, հայաստանյան գործընկերները՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը եւ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը:
Նախագծի հիմնական նպատակն է նվազեցնել ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսությունների բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ Հայաստանում եւ Ուկրաինայում ստեղծելով եւ զարգացնելով ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսությունների մագիստրոսական այնպիսի կրթական ծրագրեր, որոնք համարժեք կլինեն եվրոպական առաջատար համանման ծրագրերին, ուղղված կլինեն ազգային եւ տարածաշրջանային կարիքներին ու կամրապնդեն համալսարան-ձեռնարկություն-հետազոտություն համագործակցությունը («կրթությունից մինչեւ էկոլոգիա» հայեցակարգ):
Հանդիպմանը մասնակցում էին Դուբրովնիկի (Խորվաթիա), Պորտոյի (Պորտուգալիա), Սլովակիայի Նիտրայի գյուղատնտեսության եւ առցանց՝ ուկրաինական երկու՝ Սումիի ազգային ագրարային եւ Ջրային եւ բնապահպանական ճարտարագիտության ազգային համալսարանները։
Նախագծի շրջանակում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը եւ ՀԱԱՀ-ը մշակելու են նոր համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր՝ ՀՀ ԳԱԱ կենդանաբանություն եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հենքի վրա: Կրթական ծրագիրն իրականություն կդառնա՝ համաձայն այսօր՝ նախագծի մեկնարկային հանդիպման ժամանակ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի ստորագրած հուշագրի։
Հանդիպմանը ներկա էին եւ ողջույնի խոսք ասացին ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը եւ Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը։ Նրանք կարեւոր համարեցին ընդհանրապես 36-ամսյա նախագծի եւ մասնավորապես՝ դրանով նախատեսված մագիստրոսական կրթական ծրագրի հիմնումը Ագրարային համալսարանում։ Պարոն Խոջոյանը նշեց, որ կրթական նոր ծրագրի հաջողությանը կնպաստի համալսարանի նորացված ուսումնաահետազոտական միջավայրը։
Մեկնարկային հանդիպման կազմակերպիչ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը նախագծի կարեւորությունը դիտարկեց ձկնապաշարի եւ էկոլոգիայի վրա ազդեցության, իսկ ՀԱԱՀ-ի հետ համագործակցությունը՝ ոլորտի համար բարձրակարգ մասնագետների պատրաստման տեսակետից։ Նա վստահություն հայտնեց, որ թե տեղի եւ թե արտերկրի գործընկերների հետ ակնկալվում է հաջողված համագործակցություն։ Այս առումով մեծապես օգտակար կլինի 25-ամյա կենտրոնի, այդ թվում՝ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի ԳԿ-ի հետ տասնամյա գործակցության փորձը։
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ջերմորեն ողջունեց բոլոր ներկաներին։ Նոր նախագիծը, որի համադրողը Ագրարային համալսարանն է, ռեկտորը համարեց ոլորտում մագիստրոսական կրթական ծրագիր ներդնելու գերազանց հնարավորություն, որի անհրաժեշտությունը հասունացել էր։ Ողջունելով եվրոպական համալսարանների եւ Ազգային ակադեմիայի երկու կառույցների հետ աշխատելու այսպիսի հաջողված ձեւաչափը, ռեկտոր Ուռուտյանը գոհունակություն արտահայտեց ոլորտում պրոֆեսիոնալ կառավարիչների կարիքը բավարարելու՝ հստակ ուրվագծվող հեռանկարից եւ հավաստիացրեց, որ համալսարանում դրա իրականացման համար առկա են բոլոր նախադրյալները։
Գործընկեր համալսարանների վերաբերյալ հակիրճ ներկայացումներով հանդես եկան ներկայացուցիչները։ Մեր համալսարանը ներկայացրեց Միջազգային կապերի դեպարտեմենտի պետ, նախագծի համադրող Գարիկ Համբարձումյանը։
Նախագծի շրջանակում ստեղծվելու են նաեւ գիտակրթական լաբորատորիա եւ հետազոտահեն կրթության իրականացման համար անհրաժեշտ այլ ենթակառույցներ:
AFISHE նախագծի մեկնարկային եռօրյա հանդիպման ամփոփիչ նիստերը տեղի կունենան Ագրարային համալսարանում՝ հունվարի 27-ին։