Տեխնիկական անվտանգության ոլորտի առաջատարը սարքավորումներ կնվիրի ՀԱԱՀ-ին. հուշագիր

Ապրիլի 9-ին համագործակցության հուշագիր ստորագրեցին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ ՍՊԸ-ի տնօրեն Վլադիմիր Հովսեփյանը:

Պարոն Ուռուտյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ ուրախ է համագործակցությունը պաշտոնական հիմքի վրա դնելու համար: Նա նշեց, որ համալսարանի առաջնահերթություններից է ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի հիմնումը, ժամանակակից լաբորատոր սարքավորումների ձեռքբերումը, որը հնարավորություն կտա նաեւ ծառայություններ մատուցել եւ կօգնի համատեղ ծրագրեր իրականացնել: Պարոն Ուռուտյանը նաեւ հույս հայտնեց, որ գործակցությունը կունենա ճանապարհային քարտեզ՝ քայլերի հստակ հաջորդականությամբ, որով եւ կառաջնորդվեն կողմերը:

Պարոն Հովսեփյանը համառոտ ներկայացրեց կազմակերպության գործունեությունը: Նկատելով, որ ՀՀ-ում տեխնիկական անվտանգության ոլորտը պատշաճ մակարդակի վրա չէ, պարոն Հովսեփյանը նշեց, որ իր ղեկավարած ընկերությունը, թեեւ միայն երկու տարվա պատմություն ունի՝ ոլորտի առաջատարն է ՀՀ-ում եւ գրեթե բոլոր խոշոր ձեռնարկություններն օգտվում են իրենց ծառայություններից: Ժամանակակից սարքավորումներով զինված ընկերությունը համագործակցում է նաեւ ԱՊՀ եւ այլ երկրների հետ: Նա նշեց, որ ՀԱԱՀ-ի հետ գործակցությունն առեւտրային նպատակ չի հետապնդում. կազմակերպության մասնագետները կայցելեն ՀԱԱՀ, կստուգեն համալսարանում առկա սարքավորումների վիճակը, իսկ իրենց հնարավորություններից դուրս խնդիրները կփորձեն լուծել գործընկերների միջոցով: Պարոն Հովսեփյանը  լիահույս է, որ հուշագրի ստորագրումից հետո համատեղ ջանքերով, կոնկրետ քայլերով կհասնենք հաջողության:

Միջոցառմանը ներկա Կենսագործունեության անվտանգության ամբիոնի վարիչ տեխ․գիտ․ դոկտ, պրոֆեսոր Հովհաննես Հակոբյանը, ամբիոնի դասախոսներ տ.գ.թ., դոցենտ Արմեն Աղասարյանը և  տ.գ.թ., դոցենտ Լիանա Խաչատրյանը նույնպես կարևորեցին Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտի հետ գործակցությունը՝ նշելով, որ ՀԱԱՀ-ի բոլոր ենթակառույցները որակյալ, բարձրակարգ ծառայության կարիք ունեն, ամբիոնը վերազինման, իսկ տեխնիկական անվտանգության լաբորատորիան՝ նորացման կարիք ունեն:

Ագրարային համալսարանը տեխնիկական անվատանգության ոլորտում «գործող» միակ բուհն է, ընդ որում, ինչպես նշեց Վլադիմիր Հովսեփյանը, որ այս գործակցության նախաձեռնողը հենց տիկին Լիանա Խաչատրյանն է:

Կարիերայի զարգացման և շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը նշեց, որ կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուսանողների 6-ամսյա փորձուսուցումը կազմակերպելու և Կենսագործունեության անվտանգության ամբիոնի դասախոսների երկու թեմայով վերապատրաստում անցկացնելու հարցում:

Վերջին ամիսներին արմատավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն, ռեկտոր Ուռուտյանը Վլադիմիր Հովսեփյանին նվիրեց ՀԱԱՀ-ի «Սերունդ» գինին: Պարոն Հովսեփյանը նշեց, որ «Սերունդ»-ն անպայման տեղ կգնտի գինիների իր հավաքածուում և տեղեկացրեց, որ մոտ օրերս տեղ կհասնեն այն չորս սարքավորումները, որոնք Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտը նվիրելու է համալսարանին: