Վերապատրաստումներ ՌԶԳ-ի հետ

Ռազմավարական զարգացման գործակալության հետ դինամիկ կերպով զարգացող գործակցության կարեւոր ուղղություններից մեկը ՀԱԱՀ-ի դասախոսների մասնագիտական որակավարման բարձրացումն է՝ վերապատրաստման նպատակային ծրագրերի միջոցով:

Վերապատրաստումների շարքում, նեղ մասնագիտական-առարկայական որակավորման բարձրացումից զատ, ՀԱԱՀ-ը եւ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն  հետապնդում են նաեւ այնպիսի կարեւորագույն կարողությունների ու հմտությունների զարգացումը, ինչպիսիք են դասավանդման նոր մոտեցումներն եւ մեթոդաբանության բարելավումը, գնահատման համակարգի կատարելագործումը, մասնագիտական կրթական ծրագրերի մշակման եւ դրանց արդյունավետության բարձրացման միջոցները:

Ապրիլի 13-16-ը «Դասավանդման եւ գնահատման հիմունքներ» վերտառությամբ վերապատրաստման դասընթացն անցկացրեց ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն Լիլիթ Զաքարյանը: Դասընթացն անցկացվեց «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում, որ մեր գործընկեր ՌԶԿ-ն իրականացնում է HELVETAS Swiss Intercooperation-ի աջակցությամբ:

Տիկին Զաքարյանը նախ խոսեց սովորելու հարցում ուսանողների շրջանում շահադրդվածության պակասի մասին, որից հետո ներկայացրեց ուսանողակենտրոն միջավայրի ստեղծման տեսանկյունից դասավանդման եւ գնահատման խնդիրները: Վերջերս մեր բուհը հավատարմագրվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից եւ այդ գործընթացում կարեւոր դեր է խաղացել հենց տեխնոլոգիական գերազանցության ուղղվածությունն ու ուսանողակենտրոն միջավայրի ստեղծումը:

Տիկին Զաքարյանը տեղեկացրեց, որ հաստատութենական հավատարմագրումից հետո մեր համալսարանը պետք է անցնի ծրագրային հավատարմագրում, եւ այս առումով շատ կարեւոր է մասնագիտական կրթական ծրագրերի մշակումը: Ըստ այդմ, նա գործընկերներին ծանոթացրեց ՄԿԾ-ների մշակման նրբություններին եւ այդ ոլորտում առկա միջազգային փորձին:

Դասընթացի առաջին օրը նվիրելով ուսանողի առաջընթացի, գնահատման, դասավանդման եւ ուսումնառության վերաբերյալ հետաքրքիր քննարկումներին, հաջորդող օրերին տիկին Զաքարյանը ներկայացրեց եւ քննարկումներ ծավալեց ձեւավորող գնահատման, դասավանդման մեթոդաբանության, ուսանողների կարողունակության զարգացման, կրեդիտների հաշվարկման, դասավանդման որակի ապահովման մեխանիզմների ու գործիքների, առցանց ուսուցման եւ հարակից մի շարք այլ հարցերի շուրջ: Յուրաքանչյուր թեմա ուղեկցվում էր խմբային աշխատանքով, հարցուպատասխանուվ, դասընթացի գնահատման թերթիկի լրացմամբ:

ՌԶԳ-ի աջակցությամբ իրականացված այս դասընթացը ցույց տվեց, որ պրոֆեսորադասախոսական անձնակազմի մշտական վերապատրաստման ՀԱԱՀ-ի քաղաքականությունն ավելի քան արդարացված է. մեր դասախոսները, ամբիոնների վարիչները, կրթական ծրագրերի պատասխանատուները, անկախ տարիքից ու վաստակից, մեծ պատասխանատվությամբ են մասնակցում եւ նշում դասընթացի ընթացքում ձեռք բերած նոր գիտելիքների ու կարողությունների կարեւորությունն իրենց ամենօրյա աշխատանքում:

Մասնակիցները նշում են նաեւ դասընթացավարի՝ Լիլիթ Զաքարյանի մասնագիտական վարպետությունն ու օգտակար փորձը, որից իրենք գոհունակությամբ են օգտվում: