Նա մի զարկն էր մեր կռվի. էպիկական կերպար Դավիթը

Դավիթն ինչով զբաղվեր, որտեղ էլ լիներ, անմրցակից առաջնորդ էր՝ ընկերներին համախմբող, ցանկացած անհամաձայնություն-տարաձայնություն հարթող, արարող, միակամության մթնոլորտ ստեղծող: Եւ բնավ պատահական չէ, որ այն տարիներին, երբ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահն էր, Դավիթ Բաղդասարյանը միշտ հաղթող էր ինտելեկտուալ, մարզական, մշակութային միջոցառումների, մրցույթների ժամանակ: Գերազանց էր սովորում: Վայելում էր դասախոսների եւ ընկերների անվերապահ հարգանքն ու սերը:

– Դավիթը օժտված էր աննկարագրելի կազմակերպչական ունակություններով,- պատմում է ֆակուլտետի դեկանը՝ պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը,- մարդկային լավագույն հատկություններով շռայլորեն օժտված երիտասարդ էր: Սթափ էր,  նպատակասլաց: Բազում ծրագրեր-մտահղացումներ ուներ, որ ի զորու էր կյանքի կոչելու…

Բուհն ավարտելուց հետո էլ կապն ամուր էր պահում հարազատ ֆակուլտետի ու դեկանի հետ: Հոկտեմբերի 2-ին, ծննդյան օրվա առթիվ, Դավթին շնորհավորել էր Էդուարդ Ղազարյանը: Նա էլ խոստացել էր, թե շուտով կայցելի ու կպատմի իր նոր ծրագրերի մասին: Ամեն ինչ ասել էր դեկանին, լռել էր, սակայն, թե կամավորագրվել է ու հաջորդ օրը ճակատ է մեկնելու…