Նա մի զարկն էր մեր կռվի. բիբլիական կերպար նոյը

Ընտանիքի երկար սպասված, արու զավակն էր Նոյ Թեւոնյանը, երեք քրոջ կրտսեր եղբայրը: Սիրառատ միջավայրում հասակ առած, բայց չափը չանցած, երես չառած: Հավասարակշիռ, խելացի: Հետաքրքվում էր բարձր տեխնոլոգիաներով, Թումոյից էր եղել:

Սովորում էր ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի գյուղէլեկտրիֆիկացում եւ ավտոմատացում բաժնում: Մեծ ծրագրեր ու նպատակներ ուներ, որոնք պետք է ծառայեցներ Հայրենիքի զորացմանը:

Թեեւ ՌԴ քաղաքացի էր, բայց որոշեց գալ ու ծառայել բանակում՝ ինչպես հարկն է: Մատաղիսում էր: Երբեք չէր տրտնջում, դժվարություններից չէր բողոքում: Սիրում էր ծառայակից ընկերներին: Եւ այդ սերը, բնականաբար, փոխադարձ էր: «Ռազվեդկի Պոնչ» անվանման մեջ էլ ընկերները հարգանք, գորովանք ու ջերմություն էին դնում:

Ընկերասեր էր անչափ: Օրինակ՝ այրվող մեքենայի միջից միայն նա փորձեց օգնել-դուրս բերել զինակցին: Անհնարին էր: Ցավոք: Ու չէր կարողանում մոռանալ…

Մինչեւ վերջին պահը, վերջին հեռախոսակապը լավատես էր ու նույն տրամադրությունն էր փոխանցում մերձավորներին.

– Մամ, չանհանգստանաս, հաղթելու ենք: Մեր տղերքը շատ խելացի են,- գոտեպնդում էր ծնողներին:

Բիբլիական կերպար Նոյը, համոզված ենք, Մասիսի գագաթից կտեսնի հայոց հաղթանակները, որի մի հուժկու զարկն էր նաեւ ինքը: