Ձեր ձայնը՝ ընդդեմ բռնության եւ հանուն համամարդկային արժեքների. ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի կոչը միջազգային գործընկերներին

Հարգելի գործընկերներ եւ ընկերներ։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համար հոբելյանական 2020թ․-ին մենք պատրաստվում էինք մեծ շուքով նշել համալսարանի հիմնադրման 90-ամյակը։ Ցավոք, նախ COVID-19-ը, իսկ հիմա նաեւ Ադրբեջանի սանձազերծած դաժան պատերազմը խառնեցին մեր ծրագրերը: Հինգերորդ սերնդի այս պատերազմը, որը սկսվեց 2020թ․ սեպտեմբերի 27-ին՝ Թուրքիայի եւ Միջին Արեւելքից հազարավոր վարձկան ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայով, ստեղծել է մի իրավիճակ, երբ Արցախի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը կանգնած են գոյութենական սպառնալիքի առջեւ։ Ավելին, իրավիճակը կարող է դուրս գալ Հարավային Կովկասի սահմաններից, քանի որ այն անմիջականորեն առնչվում է շատ ավելի լայն տարածաշրջանի եւ տարածաշրջանային խաղորդների շահերին։

Համընդհանուր ճգնաժամը զսպվում է երիտասարդ հայ զինվորների ամենօրյա հերոսացման եւ կյանքի գնով: Սակայն պատերազմն արդեն հանգեցրել է մեծամասշտաբ հումանիտար աղետի։ Թուրք-ադրբեջանա-ահաբեկչական եռակողմ կոալիցիան թիրախավորում է Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտում, քաղաք, որը մշտապես կրել է եվրոպական քաղաքակրթության արժեքներ։

Ամեն օր հրթիռակոծվում եւ հրետակոծվում են բնակելի շենքեր, հիվանդանոցներ, դպրոցներ ու մանկապարտեզներ: Արցախի խաղաղ բնակչության շրջանում մի քանի տասնյակ զոհեր եւ հարյուրավոր վիրավորներ կան: Առնվազն 70000 մարդիկ լքել են իրենց տները։ Պատերազմի հետևանքով 24000 աշակերտ չի հաճախում դպրոց, 4016 երեխա չի հաճախում մանկապարտեզ, իսկ բուհեր չի հաճախում 4986 ուսանող: Պատերազմի առաջին 22 օրվա ընթացքում հրթիռակոծվել է 18 դպրոց, 6 մանկապարտեզ եւ 4 մշակութային օջախ: Զոհեր ու վիրավորներ կան նաեւ բուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության շրջանում:

Ագրեսիայի մասշտաբները, քաղաքացիական բնակչության թիրախավորումը, վավերագրված վայրագությունները եւ կրթամշակութային հաստատությունների հրետակոծումը հստակ վկայությունն են այն փաստի, որ Թուրքիան, օգտագործելով Ադրբեջանին եւ վարձկան ահաբեկիչներին, ակտիվորեն հետապնդում է իր պանթուրքիստական ծավալապաշտական քաղաքականությունը՝ շարունակելով 1915թ․ իրականացրած ցեղասպանությունը եւ կոպտորեն ոտնահարելով միջազգային համակեցության՝ ժնեւյան կոնվենցիաներով ամրագրված սկզբունքները:

Միջազգային հանրությունը չի ցուցաբերել ագրեսորին կանգնեցնելու, համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ կարեւորագույն դերակատարություն ունեցած հայ ժողովրդի նկատմամբ հերթական ցեղասպանությունը կանխելու իր կամքը:

Ուստի միջազգային հանրությունից, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից, ՄԱԿ-ից, ԵՄ-ից, ԵԱՏՄ-ից վճռականորեն պահանջում ենք դատապարտել թուրք-ադրբեջանա-ահաբեկչական եռակողմ կոալիցիան, օգտագործել բոլոր քաղաքական եւ տնտեսական լծակները՝ հասնելու հրադադարի եւ զինադադարի, կասեցնելու հումանիտար աղետը, կանխելու բնապահպանական աղետի լուրջ սպառնալիքը, ուսումնական հաստատությունները եւ մարդկանց վերադարձնելու իրենց առօրյա ստեղծագործ աշխատանքին ու կենսակերպին:

Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ ստեղծված իրավիճակում Արցախցիների համար չի կարող լինել վերադարձ Ադրբեջանի գերիշխանության տակ, քանզի դա պարզապես նշանակում է կամ տեղահանություն կամ բնաջնջում։ Միջազգային իրավունքի՝ անջատում հանուն փրկության սկզբունքի հիման վրա Արցախի անկախությունը կարող է լինել միակ իմաստուն եւ հեռանկարային լուծումը՝ ագրեսիան կանգնեցնելու եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն հաստատելու համար։ Միայն անկախ եւ ինքնիշխան Արցախն է տարածաշրջանում բաղձալի խաղաղության առհավատչյան:

Մենք ուզում ենք, որ այս հստակ ուղերձը հասկանան նաեւ Ագրարային համալսարանի գործընկերները՝ Եվրոպայից մինչեւ Հյուսիսային ու Հարավային Ամերիկա, Ռուսաստանից մինչեւ Չինաստան ու Ճապոնիա, Սկանդինավիայից մինչեւ Բալթիկա, Կենտրոնական Ասիայից մինչեւ Իրան ու Հնդկաստան:

Սիրելի բարեկամներ, մենք ձեզ հետ իրականացրել ու շարունակում ենք իրականացնել կրթական, հետազոտական, զարգացման բազմաթիվ նախագծեր ու ծրագրեր, որոնք նպաստում են մարդկային կապիտալի զարգացմանը, գյուղատնտեսության եւ հարակից ոլորտների առաջընթացին, ինչպես նաեւ ժողովրդավարությանը: Մի´ թողեք, որ մեր համատեղ ջանքերը ի դերեւ ելնեն համաշխարհային ահաբեկչության օրրան Թուրքիայի եւ այդ երկրի կամակատար Ադրբեջանի բռնակալ առաջնորդների հիվանդ երեւակայության ու ցեղասպան գործողությունների պատճառով: Բարձրացրե´ք ձեր ձայնը Ադրբեջանի շարունակվող ագրեսիան վճռականորեն եւ աներկբայորեն դատապարտելու համար՝ հանուն համամարդկային աստվածաշնորհ արժեքների:

Հարգանքով՝

Վարդան Ուռուտյան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր