Հուշագիր ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնության շրջանակում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի եւ ԵՄ կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման գործակալության կողմից համաֆինանսավորվող Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA) նախագծի թիմի ղեկավար Պասկալ Բոկերսի՝ օրերս ստորագրած հուշագիրն արդեն մեկնարկած գործակցության վավերացումն էր։ Նախագծի նպատակն է աջակցել հարակայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը Շիրակում, Լոռիում և Տավուշում:
Պարոն Ուռուտյանը, պարոն Բոկերսը եւ EU-GAIA-ի երկու բաղադրիչների ղեկավարներ Վարդան Թորչյանն ու Վադիմ Ուզունյանը բարձր գնահատեցին համալսարանի եւ նախագծի գործակցությունը եւ առհասարակ ծավալված գործընկերային հարաբերությունները։ Նախագծի շրջանակում, մասնավորապես, արդյունավետ համատեղ գործողություններ են նախատեսված՝ Ագրոնոմիական ու Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների մի շարք ամբիոնների գործուն մասնակցությամբ; Դրանք ներառելու են գործունեության լայն շրջանակ՝ նորագույն տեխնոլոգիաների (այդ թվում անօդաչու թռչող գյուղատնտեսական սարքի) ներդրումից մինչեւ փորձացուցադրական դաշտեր Ակունքի տնտեսությունում եւ համապատասխան մագիստրոսական ծրագրի ներդրում։
Ինչպես նշեց ռեկտոր Ուռուտյանը, վաղ գարնանից իրականացվելիք նախագծերի ու ծրագրերի աշխատանքներում ներգավվելու են համապատասխան որակավորում ունեցող փորձագետների։ EU-GAIA նախագիծը, 2021թ-ի մյուս անելիքների շարքում, ռեկտորի համոզմամբ, համալսարանի շարունակական հաջողությունը զարգացնելու լավատեսության հիմք է տալիս։ Ընդ որում, ինչպես ՀԱԱՀ-ի բազմաթիվ այլ նախագծեր, այս մեկը նույնպես ոչ միայն ուսանողների, այլեւ ֆերմերների համար արդիական գործնական գիտելիքներ ու փորձ ստանալու լավագույն հնարավորություն է։
Բարձր գնահատելով Ագրարային համալսարանի հետ աշխատելու այս հնարավորությունը, պարոն Բոկերսը նույնպես շեշտեց ուսանողներին ու ֆերմերներին գործնական փորձ հաղորդելու այն ներուժը, որ ունի նախագիծն իր տեխնոլոգիական լուծումներով։ «Որքան էլ գյուղատնտեսությունը ավանդական ոլորտ է, այսօր արդեն այն հնարավոր չէ պատկերացնել առանց նորագույն տեխնոլոգիաների», – ասաց պարոն Բոկերսը։