ՀԱԱՀ-ի Շիրակի մասնաճյուղը բարեգործական ծրագրի շրջանակում գյուղտեխնիկա և գործիքներ է ստացել

Ֆրանսիական Նանսի քաղաքից «Աքսիոն դողիան» հումանիտար հասարակական կազմակերպությունը, նախագահ Ալան Ժոֆխուայի նախաձեռնությամբ, Գյումրիում օրգանական գյուղատնտեսությունը զարգացնելու և խրախուսելու նպատակով ՀԱԱՀ-ի մասնաճյուղ Շիրակի գյուղատնտեսական քոլեջին հողի մշակման, վար ու ցանքի համար նախատեսված տեխնիկա և գյուղատնտեսական գործիքներ է տրամադրել։

Բարեգործական ծրագիրը հայրենի քաղաք ուղղորդելու գործում ներդրում է ունեցել ֆրանսաբնակ արվեստագետ Արման Թադևոսյանը։

Քոլեջի տնօրենի տեղակալ Գայանե Գաբրիելյանի խոսքով, ժամանակակից տեխնիկան քոլեջի ուսանողներին օրգանական գյուղատնտեսություն վարելու փորձ ձեռք բերելու և գործնական պարապմունքներն առավել արդյունավետ անցկացնելու հնարավորություն կտա:

Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը, պաշտոնատար այլ անձինք։