Գրքի շնորհանդես Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գործընկերների հետ

Սեպտեմբերի 25-ին ՀԱԱՀ ընթերցասրահում տեղի ունեցավ Ա.Պ. Հովհաննիսյանի և Պ. Յու. Գասպարյանի հեղինակած «Տրանսպորտային միջոցների անվտանգություն» գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, ինչպես նաև երկու համալսարանների դասախոսներ:

Ողջունելով ներկաներին՝ ռեկտոր Ուռուտյանը նշեց, որ ուրախ է, որ գրքի շնորհանդեսը տեղի է ունենում հենց Ագրարային համալսարանում: Շնորհավորելով գրքի հեղինակներին, նա նշեց, որ բարձր մակարդակի աշխատանք է կատարվել, որը կնպաստի տվյալ ոլորտի բարձրակարգ մասնագետների պատրաստմանը: Պարոն Ուռուտյանը նաև շեշտեց, որ ՀԱԱՀ-ը բաց է գործակցության համար և Շուշիի իր գործընկերներին սիրով կտրամադրի Ագրարայինում բացված արդիական ջերմատունը, ժամանակակից լաբորատորիաներն ու մյուս ենթակառույցները:

Ներկաներին ողջունեց և գրքի հեղինակներին շնորհավորեց նաև ՀԱԱՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը:

Այնուհետև գրքի համահեղինակ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոռեկտոր Պավլիկ Գասպարյանը ներկայացրեց «Տրանսպորտային միջոցների անվտանգություն» գիրքը, որը ավտոմոբիլների նորմատիվային կանոնակարգման և անվտանգությանը ներկայացվող պահանջների ստանդարտացման մասին է և կարող է նաև որպես դասագիրք ծառայել: Գասպարյանը հաճույքով պատասխանեց ՀԱԱՀ-ի դասախոսների հետաքրքիր հարցերին:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը միջոցառման ավարտին նշեց, որ տեսնելով Ագրարայինում վերջին երկու տարում իրականացված հսկայական աշխատանքները և դրա շոշափելի արդյունքները՝ հպարտանում է, որ հայ է: