Ավարտական աշխատանքները որակական առաջընթաց են ապրել. ռեկտորատի ապրիլյան նիստը

Այսօր՝ ապրիլի 30-ին, անցկացվեց ռեկտորատի հերթական նիստը՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Նախ դեկանները, քոլեջների տնօրենները, Ագրոբիզնեսի եւ Հեռակա դեպարտամենտների տնօրենները զեկուցեցին 2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի միջանկյալ քննությունների արդյունքների մասին։ Դրանց ամփոփումը ցույց տվեց, որ ընդհանուր առմամբ, միջանկյալ քննություններն  ունեցել են միջին հաշվարկով ավելի քան 80 տոկոս առաջադիմություն։

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը հանձնարարեց ավելի մանրակրկիտ վերլուծել եւ հասկանալ եղած թերացումների պատճառները, ներառյալ՝ թեստերի հնարավոր բարդության խնդիրը: Ինչպես երեւաց ստորաբաժանումների ղեկավարների զեկույցներից ու արձագանքներից, ուսանողների առաջադիմությունը բարելավելու հնարավորությունները դիտարկման-քննարկման փուլում են:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանի գնահատմամբ, առաջադիմության արդյունքները կապված են նաեւ կոնկրետ առարկաների հետ, կան առարկաներ, որոնց գծով գրանցվել են շատ ցածր արդյունքներ եւ ընդհակառակը. ուստի, պարոն Մինասյանը նպատակահարմար է համարում գնահատել ռիսկերը նաեւ այս տեսակետից եւ հավասարակշռել առարկաների բարդությունը կամ հեշտությունը:

2020-2021 ուստարվա երկրորդ կիսամյակի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ուսանողների հաճախումների վիճակի առումով եւս ունենք որոշակի առաջընթաց՝ որոշակի թերացումներով: Կարեւորն այն է, որ ռեկտորատում հարցեր քննարկելու վերջին երկու-երեք տարիներին ձեւավորված մշակույթը հնարավորություն է ընձեռում ծավալել անկեղծ երկխոսություն եւ առավելագույն գործնական օգուտ քաղել:

Ռեկտորը խոսեց այն մասին, որ թեպետ ընդհանուր առմամբ առարկաների թեստային նյութերի պատրաստման եւ համակարգ մտցնելու գործընթացը բնականոն հունի մեջ է, սակայն դեռ մնացել են մի քանի առարկաներ, որոնք նախանշված ժամանակացույցից հետ են մնում: Եթե նախկինում որոշակի ներողամտություն ցուցաբերվել է թեստային նյութերի ուշացումների հանդեպ, այժմ թերացող դասախոսները եւ համապատասխան ամբիոնների վարիչները նկատողություն կստանան: Ընդհանուր առմամբ, նշեց պարոն Ուռուտյանը, համակարգը ներդրված է, եւ վերջնական քննությունները վստահաբար կանցնեն ավելի սահուն:

Ռեկտոր Ուռուտյանի առաջարկով ռեկտորատի անդամները ներկայացրեցին իրենց նկատառումները երեսուն եւ ավելի տոկոս բացակայություններ ունեցող ուսանողների հետ աշխատանքի առումով: Պատճառները տարբեր են, սակայն կան ռիսկային գոտուն ընդհուպ չմոտենալու կամ այդ գոտուց դուրս գալու ուղղությամբ մշակվող անհրաժեշտ քայլեր, որոնք իրականացվելու են՝ խստորեն պահպանելով ուսանողի շահի եւ համալսարանի ընթացակարգերի պահպանման սկզբունքը: Անհարգելի բացակայությունները չեն ներվել եւ չեն ներվելու:

Ռեկտորի առաջարկով Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետ Արթուր Գրիգորյանը ներկայացրեց դեպարտամենտում (ԱՈՒԿ) վերջերս ներդրված փորձը՝ նորագույն տեխնոլոգիայի օգնությամբ հիբրիդային եղանակով կորոնավիրուսային հիվանդություն ունեցող կամ ռիսկային խմբում հայտնված ուսանողների՝ դասերին մասնակցության ապահովումը. տեխնոլոգիան հնարավորություն է տալիս «լինել» լսարանում, հետեւել դասախոսին եւ կուրսընկերներին եւ լիարժեք կերպով մասնակցել դասին:

Ավարտական աշխատանքների պաշտպանության արդյունքների քննարկումը բավականին հետաքրքիր եւ ընդհանուր առմամբ դրական պատկեր ի հայտ բերեց: Այսպես, Ագրոնոմիական ֆակուլտետում երրորդ տարին է, ինչ թեմաները չեն կրկնվում, որակական առումով էլ ուսանողները բավականին հետաքրքիր աշխատանքներ են ներկայացնում, իսկ հանձնաժողովը բաղկացած է ոլորտում գործող հայտնի մասնագետներից: Ագրարային ճարտարագիտության ավարտական նախագծերը ցույց են տալիս, որ մեր երիտասարդներն աստիճանաբար անցնում են ինժեներական լուծումների՝ թվային տեխնոլոգիաների օգտագործմամբ: Տնտեսագետների առումով հանձնաժողովն արձանագրել է որակական առաջընթաց, համենայնդեպս, պրոֆեսոր Ղազարյանի արտահայտությամբ, հանձնաժողովն այլեւս ստիպված չի լինում «ձգել» դեպի ավելի բարձր նիշեր: Անասնաբույժ-անասնաբույծների դեպքում հանձնաժողովը բարձր է գնահատել թե թեմաները եւ թե ուսանողների պատրաստվածությունը, իսկ մեկ ուսանողի էլ՝ մասնագիտական աշխատանք առաջարկել: Ռեկտորի հանձնարարականին ընդառաջ՝ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետում թեմաների վերանայման արդյունքները գոհացուցիչ են ՝ հանձնաժողովի կարծիքն է: ԱՈՒԿ-ում ավարտական աշխատանքների թեմաների շուրջ ուսանողներն աշխատում են ոլորտում գործող մասնագետների հետ:

Պարոն Ուռուտյանը նշեց, որ անհրաժեշտ է էլ ավելի ոլորտային, առարկայական մոտեցում ցուցաբերել: Մասնավորապես, ուսանողները պետք է այցելեն համայնքներ, ուսումնասիրեն համալսարանի դեկանների կողմից արդեն վեր հանված, տվյալ մարզին կամ համայնքին բնորոշ խնդիրները եւ աշխատեն այդ թեմաների շուրջ: Ագրոտեխնոլոգիական եւ կենսատեխնոլոգիական ուղղությունները պիտի դառնան դիպլոմային աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի թեմաներ, նշեց պարոն Ուռուտյանը:

«Ավարտական աշխատանքների առումով ուսանողները պետք է օգտվեն նաեւ համալսարանի նոր ենթակառույցների ընձեռած հնարավորություններից, որոնք նորարարական լուծումներ «կհուշեն» նրանց»,- ասաց ռեկտորը եւ հավելեց, որ արդեն գործողներին ընդամենը ամիսների ընթացքում կավելանան միկրոգարեջրագործության արտադրությունը, հացի լաբորատորիան, կենսատեխնոլոգիական ինկուբատորը: Ուրվագծվում են նաեւ անտառային տնկարանը Վանաձորում, կաթնամթերքի վարպետաց դպրոցը Բալահովիտում եւ այլն:

Ռեկտորատի նիստը եզրափակվեց ՀԱԱՀ գիտական կենտրոնների ղեկավարների հակիրճ անդրադարձերով, որոնցից պարզ դարձավ, որ որոշակի առաջընթաց կա կենտրոնների համագործակցության շրջանակի ընդլայնման տեսակետից, ընդ որում՝ թե համալսարանի ստորաբաժանումների եւ թե համալսարանից դուրս եղած գործընկերների շրջանում: Կան ստեղծվող գիտական արդյունքների առեւտրայնացման միտումներ:

Վերջում ռեկտոր Ուռուտյանը հայտարարեց, որ կորոնավիրուսային իրավիճակից ելնելով, առցանց դասագործընթացը կշարունակվի եւս մեկ շաբաթ: