Զարգացման և վերակառուցման միջազգային բանկի և Հայաստանի Հանրապետության միջև 09․06․2022թ․ կնքված թիվ 9389-AM վարկային համաձայնագրով իրականացվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհային մրցույթում ՀԱԱՀ-ի կողմից ներկայացված «Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի ստեղծում» հայտը հավանության է արժանացել և հաստատվել Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) Համակարգող խորհրդի կողմից։ Ծրագրի իրականացման մասին «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի և «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի միջև 14/06/2023 թ․ կնքվել է թիվ 4/23-CIF պայմանագիրը։
Ծրագրի բյուջեն կազմում է 118,118,950 (մեկ հարյուր տասնութ միլիոն մեկ հարյուր տասնութ հազար ինն հարյուր հիսուն) ՀՀ դրամ։
Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ) Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոնի (ԳՌՄԱՃԳԿ) հիմնումն է, որը համապատասխանելով արդի պահանջներին՝ խթան կհանդիսանա այս ոլորտի կրթական և գիտական գործընթացների բարեփոխման և արդիականացման համար, կնպաստի ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը:Ստեղծելով ԳՌՄԱՃԳԿ՝ հնարավորություն կստեղծվի պատրաստել մրցունակ կադրեր, իրականացնել գիտական ծրագրեր, կրթական ծառայություններ մատուցել ֆերմերներին:
Համալսարանում ներկայումս ընթանում են կարևորագույն և շրջադարձային բարեփոխումներ կրթության, գիտության, կառավարման համակարգի արդիականացման ուղղություններով, որոնց գլխավոր նպատակը մրցունակ, ագրոտեխնոլոգիական հիմքով կրթագիտական կենտրոն դառնալն է: Այս բարեփոխումների համատեքստում բուհը կարևորում է ագրարային ճարտարագիտության կրթության ներկայիս վիճակի արմատական բարեփոխումը, քանի որ այն մեր հանրապետության համար ունի խիստ ռազմավարական նշանակություն:
Արհեստական ինտելեկտը մեծ տարածում է գտնում գյուղատնտեսական արդյունաբերության մեջ և անշեղորեն ինտեգրում է այս ոլորտի համար մշակված ռոբոտաշինությանը: Քանի որ ավտոմատացված տեխնոլոգիաները ներթափանցում են շուկա, մենք նպատակ ունենք պատասխանել այն կարևոր հարցերին, որոնք այսօր տալիս են բիզնեսի առաջնորդները։ Այս ծրագիրը կնպաստի գյուղատնտեսական մեքենայացման ոլորտում ռոբոտաշինության կիրառման ճանապարհով ՀՀ տնտեսության ագրարային ոլորտի հետագա զարգացմանը և դրա հատուկ կիրառելիությանը կայուն զարգացման համատեքստում:
ՀԱԱՀ-ում պարբերաբար անցկացվող մշտադիտարկումների, ինստիտուցիոնալ ինքնավերլուծության զեկույցի նախապատրաստման, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների շրջանում իրականացված հարցումների արդյունքում վեր հանված կարիքների վերլուծության ընթացքում, համալսարանում արձանագրվել և բացահայտվել են որոշ հիմնախնդիրներ, որոնցից հատկապես երկուսն առնչվում են ագրարային ճարտարագիտության կրթության իրականացման և ներկայացվող ծրագրի հետ.
1. Անհամապատասխանություն համալսարանի շրջանավարտների մասնագիտական պատրաստվածության և աշխատաշուկայի պահանջարկի միջև,
2. Կարողությունների և հմտությունների ամրապնդման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ֆիզիկական և բարոյական մաշվածություն, իսկ որոշ դեպքերում նաև՝ դրա լրիվ բացակայություն:
Ճարտարագիտական առկա լաբորատորիաների վերազինումն արդի պահանջներին համապատասխան հզոր ուսումնատեխնիկական և թվայնացված լաբորատորիաների բազայի ձևավորումն է, որը կնպաստի ապագա ճարտարագետների կարողությունների ձևավորմանը միտված հետազոտահենք կրթության իրականացմանը, կրթություն-հետազոտություն և բուհ-աշխատաշուկա կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը: Դա քայլ առաջ կլինի դեպի ուսանողի տեսական գիտելիքների գործնական ամրապնդումը, կրթա-հետազոտական մակարդակի բարելավումը, դեպի ուսանողակենտրոն միջավայրի ստեղծումը, ինչպես նաև խթան կհանդիսանա դասավանդման նոր մեթոդների ներդրման, ուսանողի մասնագիտական հետաքրքրությունների դրսևորման առումով:
Ծրագրի առանձնահատուկ նպատակներն են՝
Ստեղծել և ներդնել «Ռոբոտաշինություն և մեխատրոնիկա» նոր ՄԿԾ
Ստեղծել AgrobotLAB լաբորատորիա, որը կզբաղվի գյուղատնտեսական ռոբոտաշինությամբ, որտեղ կիրականացվեն գիտահետազոտական և ագրոբոտերի մշակման աշխատանքներ, ինչպես նաև մանկավարժական մեթոդների մշակում կրթական ռոբոտաշինության համատեքստում։ AgrobotLAB-ի դասերը հագեցած են լինելու 3D տպիչով, լազերային մեքենայով, ինտերակտիվ էկրանով/գրատախտակով, ձեռքի էլեկտրական գործիքներով, զոդման սարքավորումներով, կոնստրուկտորներով: Այստեղ ուսանողները կզարգացնեն իրենց մասնագիտական կարողություններն ու հմտությունները, այն հիմք կհանդիսանա նաև ուսանողների, ասպիրանտների, հետազոտողների և դասախոսների համար՝ գիտական հետազոտություններ անցկացնելու տեսակետից՝ հատկապես խելացի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ոլորտում։
Ստեղծել ծրագրավորման լաբորատորիա՝ ITLab, որի դասերին ուսուցումն անցկացվելու է «Python ծրագրավորման հիմունքներ», «Արդյունաբերական ծրագրավորման հիմունքները Python-ում», «SolidWorks” ծրագրերով: Այստեղ ուսանողները կկարողանան ձեռք բերել ծրագրավորման և նախագծման գիտելիքներ, հմտանալ իրենց գործնական հմտությունների և կարողությունների ուղղությամբ։
ԳՌՄԱՃԳԿ-ում ստեղծել անհրաժեշտ պայմաններ, որտեղ տեղական և հրավիրյալ պրոֆեսորների ու մասնագետների կողմից պարբերաբար կիրականացվեն ռոբոտաշինության ոլորտի մասնագետների և ֆերմերների վերապատրաստումներ, խորհրդատվական ծառայություններ, մասնագիտական որակի բարձրացման միջոցառումներ:
Պայմանագրի շնորհման ծանուցում
Պայմանագրի շնորհման ծանուցում
Պայմանագրի շնորհման ծանուցում
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ No.ԳՆ-1-2023-ՀԱԱՀ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ No.ԳՆ-1-2023-ՀԱԱՀ
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ No.ԳՆ-2-2023-ՀԱԱՀ
ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՌՈԲՈՏՆԵՐԻ ԳՆՈՒՄ, ԱՄԳ No` ՀԱԱՀ-ԱՄԳ-ԼԱԲ-24/1