Երեւանի Ալեքսանդր Բլոկի անվան հ․ 122 հիմնական դպրոցի 8-րդ դասարանցիները անգլերենի դասընթացի շրջանակում շուտով ներկայացնելու են ․․․ թխվածքների վերաբերյալ իրենց նախագիծը եւ սեփական ձեռքով թխված մաֆինները։ Անհրաժեշտ էր գտնել թե համապատասխան տեղ եւ թե համապատասխան հմտություններ փոխանցող մասնագետին։ Օգնեց մայրիկներից մեկը՝ ուղղորդելով դեպի Ագրարային համալսարանի Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիա, որտեղ նա ժամանակին մասնակցել է հրուշակեղենի արտադրության իր փոքրիկ բիզնեսին մեծապես օգնած վերապատրաստման դասընթացի։
Իսկ լաբորատորիայում երեխաներին սպասում էր ՀԱԱՀ Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլկտետի շրջանավարտ Մարիա Մանուկյանը, որն առաջին անգամը չէ, որ պատրաստակամորեն ու կամավորական սկզբունքով մասնակցում է պատանիներին հացաթխման, հրուշակեղենի ու շոկոլադի արտադրության գործնական հմտություններ փոխանցելու ազնիվ ու կարեւոր գործին։
Լաբորատորիայում հաճելի բուրմունքների, խոսքերի ու գործողությունների հետաքրքիր համադրություն էր․ նույնիսկ տղաներից Դավիթը, որ «միայն ուտել է սիրում», մյուսներից ոչ պակաս էր կենտրոնացել բաղադրամասերի ու չափաբաժինների որոշարկման եւ սեփական ձեռքով ստեղծվող բարիքի կանխավայելման վրա։ Թխման եւ կոնկրետ գիտելիքների փոխանցման գործընթացը Մարիան, մայրիկը եւ անգլերենի ուսուցչուհին հմտորեն համեմում էին թխվածքների պատմության, համընդհանուր լեզվի՝ անգլերենի կարեւորության, ագրարային մասնագիտություններից մեկը ապագայում ընտրելու հնարավորության մասին խոսքուզրույցով։
Ակնհայտ է, որ Բլոկի անվան դպրոցի աշակերտների մեջ հաջողությամբ սերմանում են հացի, սննդի արարման հանդեպ անհրաժեշտ հարգանքն ու գիտելիքը։