Գերմաներենի բարդ քերականական կառույցները խորացրին ծրագրի նկատմամբ հետաքրքրությունս․ Մարիամ Սարգսյան

Իմ պատմությունը ՀԱԱՀ-ում սկսվել է 2016 թվականին, երբ ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցից հետո որոշում կայացրի գիտելիքներս խորացնել տնտեսագիտական ոլորտում։ Սովորում էի «Ագրոէկոնոմիկա եւ սննդարդյունաբերության էկոնոմիկա» մասնագիտության երրորդ կուրսում, երբ տեղեկացա ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի մասին։
Գերմանիայի Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ համատեղ Ագրարային համալսարանի առաջարկած այս կրթական ծրագրին մասնակցության առաջնահերթ նախապայմանը գերմաներենի իմացությունն է, որին առհասարակ չէի տիրապետում։ Սկսեցի մասնակցել ՀԱԱՀ-ում կազմակերպվող գերմաներենի դասընթացներին եւ զգացի, որ այդ լեզվի բարդ քերականական կառույցները միայն ավելի են խորացնում հետաքրքրությունս ծրագրի նկատմամբ։
Հաջորդ նախապայմանը գյուղատնտեսական գործնական կիսամյակի անցկացումն է՝ ապրելով գերմանական տնային տնտեսությունում։ Այս նախապայմանը շատ կարեւոր եւ տեղին եմ համարում, քանի որ համալսարանում դասավանդվող տեսական նյութերը կարելի է լիարժեք յուրացնել միայն սեփական գործնական փորձառությունից հետո։
Տնային տնտեսությունում ֆիզիկապես եւ հոգեպես շատ բարդ, բայց միեւնույն ժամանակ շատ օգտակար գործնական կիսամյակի ընթացքում հնարավորություն է ընձեռվում նաեւ գերմանական բարքերին, մշակույթին ծանոթանալու, քանի որ երկրի մշակույթը կրող առաջնային օղակը հենց ընտանիք կառույցն է։ Մյուս կողմից, շփումը նրանց հետ հնարավորություն է տալիս զարգացնել լեզվական կարողությունները։
Ուսումնառությունը Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանում շարունակվում է գործնական կիսամյակում ձեռք բերած գիտելիքների հիմքի վրա եւ տալիս խորացված գիտելիքներ կառավարման ոլորտի մաս կազմող բոլոր բնագավառներում։
Թրիսդորֆ ուսանողական գյուղաքաղաքում ապրելով, ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ ինչպես Գերմանիայից, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերից, որոնք ծանոթացրել են ինձ իրենց մշակույթին եւ ծանոթացել հայկականին։
Նախորդ տարի ինձ համալսարանում երկու կիսամյակ աշխատելու հնարավորություն ընձեռվեց, որը շատ մեծ փորձառություն էր ինձ համար։ Աշխատանքի շրջանակում մասնակցել եմ մի շարք ցուցահանդեսների՝ պատիվ ունենալով լինելու Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի ներկայացուցչական անձնակազմի անդամ։ Ներկայացրել եմ «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական կրթական ծրագիրը, ինչպես նաեւ ծանոթացել մասնակից գյուղատնտեսական առաջատար կազմակերպությունների գործունեությանը, զրույցներ ունեցել դրանց ղեկավարների հետ։
Աշխատելով դասախոսական անձնակազմի հետ, կարողացա ուսումնական գործընթացները մեկ այլ տեսանկյունից դիտարկել եւ կարծում եմ, որ ապագայում կարող եմ ձեռք բերածս գիտելիքները կիրառել իմ հետագա մասնագիտական կարիերայում։ «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը հնարավորություն է տալիս նաեւ ուսման ավարտից հետո աշխատանքային փորձ ձեռք բերել գերմանական աշխատաշուկայում։ Ծրագրի շրջանավարտները, կամուրջ հանդիսանալով արտաքին տնտեսական աշխարհի հետ, պահանջված մասնագետներ են Գերմանիայի գյուղատնտեսության ոլորտի առաջատար կազմակերպությունների համար։
Այս ծրագրի շնորհիվ մասնագիտական ասպարեզում դարձել եմ առավել ինքնավստահ եւ փորձառու։ Ի հավելում դրան, ընդլայնել եմ մտահորիզոնս եւ անձնային մեծ աճ ունեցել, որը արդի ժամանակներում հաջող ապագայիս մեջ ամենամեծ ներդրումն եմ համարում։ Անչափ ուրախ եմ, որ այս ծրագրի շրջանակում ուսումս Գերմանիայում անցկացնելու հնարավորություն ստացա, քանի որ այն ինձ եւս մի քանի քայլով մոտեցրեց իմ երազանքների իրագործմանը։

Մարիամ Սարգսյան
«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի 2023 թ․ շրջանավարտ