ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, ԵՄ կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում 2023 թվականի հուլիսի 10-14-ը Յագելոնյան համալսարանում կազմակերպված 7-րդ միջազգային շաբաթին մասնակցելու համար այցելել եմ Լեհաստանի Յագելոնյան համալսարան։
Միջազգային շաբաթին մասնակցում էին 17 երկրների ներկայացուցիչներ։ Յագելոնյան համալսարանի միջազգային գրասենյակի աշխատակիցներ Յան Բեսզլեի եւ Մաժենա Բուտանովիչի հետ հանդիպումից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի միջազգային գրասենյակի ղեկավար Իզաբելա Զավիսկայան՝ ներկայացնելով Յագելոնյան համալսարանը։ Այնուհետեւ բոլոր 17 երկրների ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց համալսարանները։
Անդրկովկասից միջազգային շաբաթին մասնակցում էին միայն ՀԱԱՀ-ի եւ Երեւանի պետական համալսարանի միջազգային բաժնի աշխատակիցները։ Ես ներկայացրեցի մեր համալսարանն ու միջազգային կապերի դեպարտամենտի աշխատանքը՝ մասնավորապես Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում։ Երկրորդ օրը ինձ հնարավորություն ընձեռվեց ցուցադրել մեր համալսարանի եւ Հայաստանի մասին պատմող տեսանյութերը, որոնք արժանացան ջերմ ընդունելության։
Աշխատանքային հինգ օրերը հագեցած էին Էրազմուսյան համագործակցության եւ փոխանակման ծրագրերի վերաբերյալ հետաքրքիր քննարկումներով։ Միջազգային բաժնի աշխատակից Յան Բեսզլեյը ներկայացրեց Էրազմուս+ շարժունության թվային կառավարման տեսլականը։ Քանի որ տարեկան հարյուրավոր միջազգային Էրազմուս+ ուսանողների (ինչպես նաեւ վարչական ու դասախոսական անձնակազմի) շարժունության կառավարումը բարդ եւ ժամանակատար գործընթաց է, առաջ է քաշվում թվային կառավարման գաղափարը։ Այն հնարավորություն կտա շարժունությանն առնչվող փաստաթղթերը կառավարել առցանց, փաստաթղթերը բուհերի կառավարման համակարգի միջոցով ուղարկել անմիջապես գործընկեր հաստատության կառավարման համակարգին, գործընկեր հաստատությունների հետ աշխատել թվային կերպով հաստատված համապատասխան փաստաթղթերով․ թվայնացումը կգործի ուսանողների եւ վարչական ու դասախոսական անձնակազմի շարժունակության կառավարման յուրաքանչյուր քայլի ընթացքում, որը պահանջում է հաղորդակցություն (կամ տվյալների փոխանակում) ուղարկող եւ ընդունող բուհերի միջեւ: Միջազգային շաբաթի մասնակիցները հավանություն տվեցին թվայնացման մասին գաղափարին եւ ծավալվեց հետաքրքիր քննարկում։
Այնուհետեւ Օլեսյա Տկաչուկը կարդաց «ԵՄ գաղափարն ու գործունեությունը» թեմայով բաց դասախոսություն, որին դարձյալ հաջորդեց ակտիվ քննարկումը։
Միջազգային շաբաթվա հաջորդ օրերի ընթացքում կազմակերպվեցին մասնակիցների այցելություններ Յագելոնյան համալսարանի Մաիս թանգարան՝ ծանոթանալու Լեհաստանի եւ Յագելոնյան համալսարանի պատմությանը, ինչպես նաեւ մշակութային շրջայց Կրակով քաղաքում, որի ժամանակ պարոն Բեսզլեյը մանրամասն պատմեց քաղաքի հիշարժան անցյալի մասին՝ անդրադառնալով նաեւ քաղաքի ներկային եւ զարգացման հեռանկարներին:
Միջազգային շաբաթն ավարտվեց համագործակցության հնարավորությունների ամփոփման, փակման նիստով, որի ընթացքում մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրեր։ Միջազգային շաբաթին մասնակցությունը հիանալի հնարավորություն էր նոր գիտելիքների ձեռքբերման, փորձի փոխանակման, ինչպես նաեւ եղած գործընկերային կապերի ամրապնդման ու նորերի հաստատման համար:
Զարինե Պողոսյան
ՄԿԴ առաջատար մասնագետ