ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության առաջարկով ռեկտոր Վարդան Ուռուտյանը կներկայացնի Հայաստանի բուհական համակարգը այսօր՝ սեպտեմբերի 14-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած Բուհերի ռեկտորների միջազգային համաժողովին` «Համալսարանների դերը ազգային նորարարական էկոհամակարգի ստեղծման գործում» թեմայով։
Համաժողովի գլխավոր նպատակն է ընդլայնել համալսարանների հետազոտական եւ նորարարական գործունեությունը՝ միջազգային լավագույն գործելակերպերի միջոցով։ Կքննարկվեն բուհերի գիտական ու տեխնիկական կարողականության ուժեղացմանը, մտավոր գործունեության արդյունքների առեւտրայնացման վերաբերյալ գործնական առաջարկություններին, ինչպես նաեւ բուհերի աշխատակիցների համար նորարարություններին միտված վերապատրաստումներին առնչվող հարցեր։ Համաժողովը կոչված է նաեւ ամրապնդելու տեղական եւ միջազգային համալսարանների միջեւ գործընկերությունը՝ իրենց գիտական կառույցների միջոցով եւ կնպաստի գիտակրթական ծառայությունների շուկայաբաժնի ավելացմանը։
Այսօր Ղրղզստանի նախագահի պաշտոնական նստավայր Ալա-Արչայի համագումարների պալատում ռեկտոր Վարդան Ուռուտյանը հանդես կգա «Համալսարանական ինկուբատորների եւ աքսելերատորների դերը ստարտափ էկոհամակարգերի զարգացման գործում» թեմայով զեկուցմամբ։ Մինչ այդ ռեկտոր Ուռուտյանը հանդիպումներ է ունեցել Ղրղզստանի կրթության եւ գիտության նախարարի եւ Ղրղզստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի հետ։
Համաժողովի շրջանակում վաղը՝ սեպտեմբերի 15-ին կանցկացվի «Կրթություն եւ կարիերա Բիշքեկ» ցուցահանդեսը, որի կազմակերպիչները Ղրղզստանի կրթության եւ գիտության նախարարությունը եւ այդ երկրի բուհերն են։