Այսօր Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտները ստացան իրենց դիպլոմները, որոնք հանձնեցին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ ֆակուլտետի դեկան Արեւիկ Աբովյանը։ Նրանք ավարտեցին համալսարանը՝ հիմնավոր գիտելիքներով եւ արդեն որոշակի աշխատանքային փորձով, որ ձեռք են բերել Հայաստանի եւ արտերկրի առաջավոր կլինիկաներում, տնտեսություններում ու ագրոձեռնարկություններում։
Ջերմորեն շնորհավորելով նորաթուխ անասնաբույժներին եւ անասնաբույծներին, պրոռեկտոր Զաքոյանը վստահություն հայտնեց, որ նրանք երբեք չեն դադարի սովորել եւ իրենց պրոֆեսիոնալ աշխատանքով կդառնան կերպարանափոխված եւ իր երբեմնի մեծ հեղինակությունը վերականգնող Ագրարային համալսարանի «անընդհատական գովազդը»։
Դեկան Աբովյանի մաղթանքն ու ասելիքը նույնպես հակիրճ էին, քանզի նա եւ ֆակուլտետի դասախոսներն իրենց ասելիքն արդեն հասցրել են այսօրվա շրջանավարտներին՝ նրանց ուսումնառության տարիների ընթացքում, անշուշտ՝ ավագ ընկերոջ իրենց հոգատարության հետ միասին։ Պատահական չէին սիրելի դասախոսի ու ղեկավարի հանդեպ ջերմ երախտագիտության խոսքերն ու խորհրդանշական գեղեցիկ ծաղկեփունջը։
Ահա եւս երկու տասնյակ անասնաբույժներ ու անասնաբույծներ համալրեցին տասնամյակներ շարունակ Ագրարային համալսարանի անունն ու հեղինակությունը բարձր պահող հազարավոր մասնագետների փաղանգը։