Yerkir.am կայքը հունիսի 9-ին հրապարակել է «Աննախադեպ բարեփոխումնե՞ր, թե՞ խայտառակ վիճակ ագրարային համալսարանում» անստորագիր հոդված, որտեղ համալսարանի այս տարվա դիմորդների փոքր թիվը որպես սուբյեկտիվ գործոն արձանագրելու անհաջող փորձ է արվում։
Քանի որ հոդվածը հեղինակ չունի, պետք է ենթադրել, որ ոչ թե կոնկրետ լրագրող, այլ տվյալ մեդիա կազմակերպությունն է փորձում մոլորեցնել հասարակությանը եւ մերկապարանոց հայտարարություն անել, թե «չնայած խորքային բարեփոխումների մասին հավաստիացումներին՝ փաստերը այլ են»։ Այս նախադասությունից հետո ակնկալվում է, որ լրատվամիջոցը բերելու է փաստեր այն մասին, որ խորքային բարեփոխումներ չեն եղել կամ գոնե՝ այնքան էլ խորքային չեն եղել․․․ Իսկ փաստերը․ պարզվում է, վերաբերում են դիմորդների թվին, որ, այո, հաստատում ենք՝ շատ փոքր է։ Լրատվական կայքն, իհարկե, «մոռանում է» նշել նաեւ հեռակա դեպարտամենտում առաջիկա ընդունելության մասին, ընդ որում ակնկալվում է, որ այդ ցուցանիշը, համենայնդեպս, համարժեք կլինի անցյալ տարվա համապատասխան ցուցանիշին (2021 թ․ 401 ուսանող է ընդունվել Հեռակա դեպարտամենտ)։
Դիմորդների թվի շարունակական նվազումը ոչ միայն Ագրարային համալսարանի, այլեւ երկրի բարձրագույն կրթության ամբողջ համակարգի լուրջ խնդիրն է։ Առկա իրավիճակը օբյեկտիվորեն գնահատելու փոխարեն, սույն լրատվամիջոցը իրեն իրավունք է վերապահում «խայտառակ» բառով բնութագրել իրավիճակը Ագրարային համալսարանում, բուհ, որ վերջին 3-4, այն է՝ Վարդան Ուռուտյանի ռեկտորության տարիներին, արմատապես արդիականացրել է կրթական ծրագրերը, ստեղծել ավելի քան 40 նորարարական կրթահետազոտական ենթակառույցներ եւ ուսումնառության ու դասավանդման միանգամայն նոր որակի միջավայր, զգալիորեն ընդլայնել համագործակցությունը միջազգային եւ հայաստանյան կառույցների հետ։
Եթե yerkir.am-ին հետաքրքրեին ագրարային կրթության եւ առհասարակ կրթության խնդիրները, ապա, ինչպես վայել է արժանապատիվ եւ պրոֆեսիոնալ լրատվամիջոցին, կփորձեր պարզել դիմորդների փոքր թվի պատճառները։ Դրանք շատ են․ ագրարային որոշ մասնագիտությունների՝ առանց քննությունների համալսարան ընդունվելու արտոնության վերացումը, ոչ ագրարային մասնագիտությունների հանումը ուսումնական պլաններից (որ շատ բնականոն զարգացում է), օպտիմալացումից հետո մասնագիտությունների նոր անվանումների անծանոթ լինելը (օրինակ, մարդիկ չեն պատկերացնում, որ Ճշգրիտ գյուղատնտեսությունը նույն ՏՏ ոլորտից է), մեծամասնություն կազմող մարզերի բնակիչ դիմորդների՝ կրկնուսույցների հետ պարապելու հնարավորության բացակայությունը, հետեւաբար նաեւ՝ քննությունները ձախողելու մեծ տոկոսը, ֆերմերային տնտեսություններում արդեն աշխատելու պատճառով ագրարային մասնագիտություններով մասնակի կամ թերբեռնված ուսումնառության փաստը, որ բնորոշ է նաեւ շատ այլ երկրների եւ այլն։
Նույնիսկ մակերեսային քննական ուսումնասիրությունը լրատվամիջոցին թույլ կտար տեսնել, որ առհասարակ հայ հասարակության մեջ, երիտասարդության շրջանում կտրուկ կերպով նվազել է հետաքրքրությունը մեր երկրի համար կարեւորագույն՝ բնագիտական, ճարտարագիտական, գյուղատնտեսական մասնագիտությունների նկատմամբ։ Իսկ մեր տնտեսության ճակատագիրը մեծապես կախված է հենց այս ուղղություններում մասնագիտական կադրեր ունենալուց։ Այս լուրջ խնդիրը հետաքրքրո՞ւմ է yerkir.am-ին․ վերոհիշյալ հոդվածից, համենայնդեպս, չի երեւում։ Ոլորտի զարգացմամբ մտահոգ լրատվամիջոցը նաեւ կնշեր, որ համալսարանն իրականացնում է կարճաժամկետ նպատակային վերապատրաստումներ, որով հաջողությամբ փորձում է լրացնել ագրարային մասնագետների (սպանդանոցի անասնաբույժ-փորձագետներ, ջերմատնային ագրոնոմներ, տնկարանների փորձորոշողներ եւ հավաստագրողներ, ինտենսիվ այգիների ագրոնոմ-կառավարիչներ, հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության մասնագետներ, կաթնամթերքի արտադրության վարպետներ եւ այլն) առկա բացը։
Կայքի լրագրողներից մեկին հրապարակավ հրավիրում ենք Ագրարային համալսարան՝ տեսնելու եւ հասկանալու ռեկտոր Ուռուտյանի կատարած աշխատանքն ու բարեփոխումների մասշտաբը եւ, անշուշտ, հաղորդակից դառնալու վերոնշյալ հիմնախնդիրների լուծման վերաբերյալ համալսարանի պատկերացումներին ու ծրագրերին։
ՀԱԱՀ Լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին