Սովորույթի ուժը՝ զորեղ. Մենք գտնվում ենք լավագույն բուհերից մեկում

Հարություն Գեւորգյանի պնդումն է՝ Ագրարայինը լավագույններից է (եւ դժվար է չհամաձայնելը): Մեր բուհի հրաշալի շրջանավարտներից է, որ խենթի պես սիրում էր իր մասնագիտությունը՝ անասնաբուժությունը: Հանրային առողջության խնդիրները շատ լավ գիտակցող, լուծումներ որոնող, հախուռն-ողջամիտ Հարութը: Հետո կրթությունը ԱՄՆ-ում շարունակելու բացառիկ հնարավորություն ունեցավ, որտեղ մասնագիտական գիտելիքներին գումարվեցին խորհրդատվությունն ու հաղորդակցման հմտությունները: Այսինքն, շաաատ կարեւոր գիտելիքների կրող-սփռող անհատականություն: Եւ պատահական չէր, որ վերադարձից կարճ ժամանակ անց Գեւորգյանը մեր բուհի ամենասիրված դասախոսներից մեկը դարձավ: Դասախոսական աշխատանքը թողնելն էլ մինչ օրս ափսոսանքով ենք հիշում բոլորս: Եւ ապավինում-սպասում ենք հիմա այսպիսի հանդիպումների:

Դեկտեմբերի 16-ին Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակի աշխատակիցների հետ միասին (փոխտնօրեն Նանե Աբրահամյան, ծրագրի համակարգող Մարիամ Գրիգորյան, ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ծրագրի 2011 թ. շրջանավարտ Լիլիթ Զաքարյան, Երիտասարդական լաբորատորիա (Առաջնորդություն առանց սահմանների) ծրագրի 2011 թ. շրջանավարտ Անի Կարապետյան), Հուբերտ Համֆրի կրթաթոշակային ծրագրի 2013-2014 թ-ի շրջանավարտ Հարություն Գեւորգյանը եկել էր Սթիվեն Քովիի մենագրության հիմքով՝ «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» թեմայով բանախոսություն-վարժանքի: Իհարկե, լսարանում ազատ աթոռներ չկային: Իհարկե, բոլորս պետք է համաշխարհային փորձն ու գերազանց օրինակներն աչքի առջեւ ունենալով դասեր քաղենք, սերմանենք լավ սովորություններն ու վերահսկենք մեր վարքագիծը: Փորձենք դառնալ ավելի գործունյա, կարողանանք զատել կարեւորը երկրորդականից, սովորենք լսել, սովորենք սիրել: Նպատակ կարողանանք դնել եւ գիտելիք-հմտություն-ցանկության շնորհիվ հասնենք դրանց: Եւ միշտ մաքուր-անապական պահենք մեր միտքը-հոգին եւ մարմինը: Մեկ խոսքով՝ կերտենք ինքներս մեզ՝ աշխարհի առջեւ բաց, նորը ընդունել-սովորելու կամքով ու վճռականությամբ:

Հ.Գ. Հուսանք, Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակի նման նախաձեռնությունները շարունակական կլինեն: Սիրով կսպասենք: