Հուլիսի 3-5-ը Ստեփանակերտում անցկացվող «Տեխնոլոգիական շաբաթ Արցախում 2021» (Tech WeekArtsakh 2021) եռօրյա միջոցառումների շարքը ՏՏ ոլորտի հայկական կարեւոր իրադարձությունները միավորում է մեկ վայրում։ Ռեկտոր Վարդան Ուռուտյանը միջոցառման առանցքային խոսնակներից մեկն է եւ այսօր՝ հուլիսի 4-ին հանդես է գալու «Ագրոթեք ոլորտի զարգացման հնարավորությունները Հայաստանում եւ Արցախում» զեկույցով։
Համաժողովը հետապնդում է համայնքների համաչափ զարգացման եւ երիտասարդներին գիտելիքներ ու հմտություններ տրամադրելու միջոցով ազգային ներուժի բացահայտման նպատակ։
Տեխնոլոգիական շաբաթի շրջանակում կկայանա զարգացման գաղափարների «Կորիզ» մրցույթը։
Որպես միջոցառման խոսնակներ հանդես են գալու նաեւ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը եւ հիմնականում ՏՏ ոլորտում կայացած երիտասարդ պրոֆեսիոնալներ, ովքեր ունեն պատմականորեն սուղ ժամանակամիջոցում Հայրենիքը զարգացման որակապես նոր հանգրվանի հասցնելու տեսլական եւ պատկերացնում են դրան հասնելու ուղիները։
Երեկոյան ռեկտոր Ուռուտյանը հանդիպում կունենա ուսանողների հետ ճամբարային խարույկի շուրջ։ Սպասվում է հետաքրքիր, անկեղծ ու նպատակային զրույց, որը, ճանաչողական լինելուց բացի, երիտասարդներին կոգեշնչի համարձակ, ստեղծագործ որոշումներ կայացնել եւ հետեւողականորեն հասնել դրանց իրականացմանը։
Tech Week Արցախ 2021-ի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է իմանալ այստեղ։