Անին դպրոցական տարիներից հետաքրքրվում էր կենսաբանության, շրջակա միջավայրի պահպանության խնդիրներով, նաեւ, ճարտարագետ հոր շնորհիվ՝ զարգացած էր ինժեներական մտածողությունը: Եւ բուհ ընդունվելիս ցանկացավ մեկտեղել դրանք: ՀԱԱՀ անտառային ճարտարագիտական գործ մասնագիտությունը հենց իղձերի մարմնացումն էր՝ երկուսը մեկում:
Անին փայլուն գիտեր ֆրանսերեն եւ ՈՒԳԸ գիտաժողովներում հետաքրքիր զեկուցումներ էր ներկայացնում այդ լեզվով: «Այն տարիներին արտաքին կապերի դեպարտամենտի պետ, պրոֆեսոր Հովիկ Սայադյանն ինձ խորհուրդ տվեց անպատճառ սովորել նաեւ անգլերեն: Ասաց՝ այդ լեզվի շնորհիվ հնարավորություններս կհազարապատկվեն: Ես շնորհակալ եմ այս շատ կարեւոր ուղղորդման համար, որի շնորհիվ իսկապես փոխվեց իմ կյանքը»,- ասում է Անին:
Բակալավրիատ, մագիստրատուրա, աշխատանք միջազգային բնապահպանական ծրագրերում: Երեւանյան կրթության տրամաբանական շարունակությունը ԱՄՆ-ում էր. 2009-11-ին սովորել է Նյու Յորքի պետական ու Սիրաքյուզի համալսարաններում, մագիստրատուրա՝ «Բնական ռեսուրսների կառավարում» հիմնական, «Անտառային ռեսուրսների կառավարում ու քաղաքականություն» եւ «Միջազգային կառավարում» օժանդակ մասնագիտացումներով։
Ուսումնառության հաջորդ հանգրվանը Օքսֆորդն էր՝ 2016-2017 թթ. ավարտել է Գործարար կառավարման մագիստրոսական ծրագիրը:
Անին հրաշալի օրինակ է երկտասարդների համար. պետք է սիրել ընտրած մասնագիտությունը, համառորեն սովորել ու պայքարել գիտելիքի, ոչ թե գնահատականի համար: «Ձեր հնարավորության սահմանի առավելագույնը պետք է իրականություն դարձնեք»,-պատանիներին հորդորում է Անին:
Թեեւ տեւական ժամանակ է անցել ու շատ բան է փոխվել մեր բուհում, սակայն հետաքրքիր է իմանալ Անիի կարծիքը՝ ուսանողական տարիներին ինչն էր խանգարում երիտասարդներին, ինչը կկամենար փոխված տեսնել:
«Ագրարայինը ավանդական, կայուն, հիմնարար կրթություն է տալիս: Ես հիմա էլ շատ լավ հիշում եմ՝ մաթեմատիկան ինչ ամուր հիմքերի վրա էր դրված: Եւ չկար այդպիսի առարկա, որ սիրով չսովորեի: Բայց նաեւ ժամանակակից, նոր մեթոդների կարիքն էի զգում: Այն տարիներին ՀԱԱՀ-ում հայ-ամերիկյան կենտրոն կար (խոսքը ԱՈՒԿ-ի մասին է-խմբ.), երբ անցնում էի այդ տարածքով, թարմության շունչը զգում էի»,- ասում է Անին:
Տարիներ առաջ Անին առողջության հետ կապված խնդիրներ ունեցավ, որոնք հաղթահարեց անկոտրում կամքի, տոկունության, լավատեսության շնորհիվ եւ որոշեց, որ պետք է աջակցի, օգնության ձեռք մեկնի համանման ախտորոշում ունեցողներին եւ ստեղծեց «Անի Հայկունի» քաղցկեղի բուժման աջակցման հիմնադրամը: Հիմա էլ աշխատում է ՎԱՆՆ ստարտափի վրա Օքսֆորդում, որը դարձյալ օնկոլոգիական ուղղվածություն ունի՝ https://www.thevann.com:
Հաջողություն մեր լավագույնների փաղանգում իր կարեւոր տեղն ունեցող Անիին ու մաղթենք նոր, մեծ հաջողություններ, որոնք բարձր են պահում երկրի եւ բուհի պատիվը: