Ուսանողական խորհրդի եւ տեխնոլոգիական ֆակուլտետի նախաձեռնությամբ եւ ջանքերով, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի օժանդակությամբ, փետրվարի 25-ին հյուրընկալել էինք երկրի տարբեր դպրոցների եւ մասնագիտական ուսումնական հաստատոթյունների սաներին, որպեսզի հնարավորություն ունենան ի մոտո, ներսից տեսնելու-տեղեկանալու մեր մասնագիտությունների դերի, կարեւորության մասին, նաեւ՝ որ բառի ամենաբուն իմաստով զգան դրանց համն ու անուշ բույրը:
Մեծ դահլիճում պատանիներին ողջունեց ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Նա նշեց, որ որեւէ երկրի տնտեսության կարեւորագույն ոլորտներից է գյուղատնտեսությունը, որը բնակչության պարենային ապահովվածության եւ անվտանգության միակ երաշխիքն է, տնտեսության անկյունաքարը: Ագրոպարենայինը ներդրումների, ՏՏ ընձեռած նորագույն հնարավորությունների ոլորտ է: Իսկ դա նշանակում է, որ երիտասարդների՝ բարձր վարձատրվող, պահանջարկված աշխատանքով ապահովված լինելու միանգամայն օրինաչափ ձգտումը լիովին իրագործելի է:
Ուսխորհրդի նախագահ Կարեն Ղարախանյանը ապագա դիմորդներին հակիրճ ներկայացրեց իր ղեկավարած կառույցի անցած ուղին, եւ խոսեց այն ծրագրերի մասին, որոնք ավելի հետաքրքիր են դարձնում ուսումնառության տարիները:
Տեխնոլոգիական ֆակուլտետի դեկան Կարեն Մինասյանը պատմեց սննդի վերամշակման ոլորտի գրավչությունների եւ աշխատանքային խոստումնալից հեռանկարների մասին:
Այնուհետեւ ցուցադրվեց ուսանողների պատրաստած՝ Ագրարայինը ներկայացնող, փոքրիկ տեսանյութը: Ապագա դիմորդները եղան քիմիայի նորաստեղծ լաբորատորիայում, թանգարաններում, գինեդարանում, ԱՈՒԿ-ում:
Իսկ ճեմասրահում, սննդի տեխնոլոգները ճոխ, համեղ ու մատուցման տեսակետից «աչք շոյող» հյուրասիրություն՝ ժամանակակից եզրույթով ասած՝ էքսպո էին կազմակերպել, հավանականից մինչեւ ամենաանհավանական հումքերով պատրաստված: