Մեր կայացած, զորեղ փաղանգը. Բոլոր հավակնոտ, արարող մարդիկ կարող են իրենց տեղը գտնել ագրարային ոլորտում

Նվարդ Շահմուրադյան, «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության գյուղատնտեսական ծրագրերի համակարգող, 2019-ին գյուղատնտեսության ոլորտում ակնառու նվաճումների համար արժանացել է ԳՆ (մինչ կառավարության կառուցվածքային փոփոխությունը) ոսկե մեդալի: Ասում է. «Անակնկալ էր, ոսկե մեդալի շնորհումը: Երբ աշխատում ես առանց ակնկալիքների, շատ պարտավորեցնող է նման գնահատականը»:

-Ինչպե՞ս ընտրեցիր մասնագիտությունդ, բուհը:

-Ճակատագիրը դեր խաղաց եւ առաջին պահին շատ ծանր փորձություն էր ինձ համար: Դիմել էի ԵՊՀ-ի կենսաբանության ֆակուլտետ: Բայց հայտը սխալ լրացնելու (դասիչի սխալ էի արել) պատճառով հայտնվեցի Ագրարայինում: Սելեկցիա-գենետիկա մասնագիտությունը ամենամոտն էր կենսաբանությանը… Սակայն, շատ շուտով սիրեցի մեր բուհական միջավայրը: Արդեն առաջին կուրսում ճանաչվեցի տարվա լավագույն ուսանող, երրորդում ակադեմիկոս Թումանյանի անվան կրթաթոշակ էի ստանում: Մագիստարատուրայում երկու տարի հանրապետական կրթաթոշակ եմ ստացել: Հիմա ես հստակ գիտեմ եւ համոզված եմ. ցանկացած փոփոխություն, նույնիսկ՝ անակնկալ փոփոխություն, դրական միտում ունի:

Նվարդն այսօր կայացած, գնահատված ու սիրված մասնագետ է, որի խորհրդին, աջակցությանը հաճախ են ապավինում ֆերմերները: Տարիներով կուտակած հարուստ փորձն էլ նրան հուշեց, որ գործուն խորհրդատվական օղակի պահանջարկ կա երկրում, եւ բոլորովին վերջերս հիմնեց «Բալենի» ագրոխորհրդատվությունը, որը մասնագիտացած է պտղաբուծության ուղղությամբ:

Նա առանձնահատուկ սիրով է խոսում ասպիրանտուրայում իր գիտական ղեկավարի, երջանկահիշատկ պրոֆեսոր Միքայել Գյուլխասյանի մասին. «Մասնագիտությանս նկատմամբ սերը, մոտեցումը, նվիրումը ոլորտին՝ Միքայել Ասատուրիչն է սերմանել: Մինչեւ հիմա առաջորդվում եմ նրա խորհրդով. «Կամ պիտի հիմնավոր-հիմնավորված խորհուրդ տաս, կամ լռես: Ագրոգիտասփյուռի մասնագետը իրավունք չունի կիսատ խոսելու: Գիտնականները սիրում են որոշ բաներ թաքցնել, խորհրդատուն իրավունք չունի»:

-Երեւի շատ ճիշտ կլինի, եթե ագրոֆակում Գյուլխասյանի անվան կրթաթոշակ սահմանվի,-ասում է գիտնականի արժանավոր սանը:

-Ի՞նչ խորհուրդ կտաս այսօրվա դիմորդին:

-Պետք է երիտասարդները գտնեն այն ոլորտը, որին կնվիրվեն անմնացորդ եւ հատկապես՝ սիրով: Միայն դա է շարժիչ ուժը: Բոլոր հավակնոտ մարդիկ կարող են իրենց գտնել այստեղ, բոլորի համար այստեղ ասպարեզ կա՝ եւ գիտություն, եւ արտադրություն, եւ բիզնես, եւ նորարարություն: Միայն սլացք է պետք:

-Ամանորի նախաշեմին ենք…

-Նոր տարուն միշտ սպասում եմ Ձմեռ պապիկին հավատալով: Հիմա էլ համոզված եմ՝ մեր երկրի, տնտեսության, հատկապես գյուղատնտեսության համար բարեբեր տարի է լինելու: