Օրինակելի եւ համակողմանի գործակցություն՝ պիստակի արտադրությունից մինչեւ դասավանդում եւ հետազոտություն

Դեկտեմբերի 11-12-ին Ագրիթեք սրահում, Էրազմուս + -ի՝ «Կարողությունների զարգացումը միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում» նախագծի շրջանակում կայացավ աշխատաժողովում ազդարարվեց «Միջին մասնագիտական կրթության եւ վերապատրաստման օրինակելի համագործակցություն Հայաստանում պիստակի արտադրության ուղղությամբ. աշխարհատարածական մոտեցում» ծրագրի մեկնարկը:
Ներկաներին արդյունավետ աշխատանք մաղթեցին պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, Հայաստանում Էրազմուս + ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: Նիստը վարող՝ Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանը ներկայացրեց Ագրարայինն իր ստորաբաժանումներով, նյութատեխնիկական նորացված բազայով, գիտակրթական պատկառելի ներուժով: Ծրագրի համակարգող, դոկտոր Ալի Աբքարը շեշտեց, որ ուրախ է եւ հետաքրքրված մեկնարկող համագործակցությամբ, ծրագիր, որը կաջակցի գալիքի ագարակատերերին:
Երկրատեղեկատվական համակարգերի ոլորտում երկարամյա փորձ ունեցող չեխական Wirelessinfo ընկերության մասին հաղորդումով հանդես եկավ Ֆրանտիշեկ Զադրաժիլը, իսկ Under Sun այգեգործական տնտեսության մասին՝ ՀԱԱՀ նախկին պրոռեկտոր Կարեն Մինասյանը։
Գիտական հետազոտություններով եւ փորձարարական մշակումներով զբաղվող հոլանդական AgriWatch ընկերության փորձագետ պրոֆ․ Նանո Մուլդերը խոսեց գյուղատնտեսական նպատակներով հեռահար զոնդավորմամբ պատկերների վերլուծության մասին։ Իսկ պարոն Զադրաժիլի ներկայացրած թեման վերաբերում էր աշխարհագրարական տվյալների կառավարմանն ու էլեկտրոնային ուսուցմանը։ Դոկտ․ Աբքարը մանրամասներ ներկայացրեց «Միջին մասնագիտական կրթության եւ վերապատրաստման օրինակելի համագործակցություն Հայաստանում պիստակի արտադրության ուղղությամբ. աշխարհատարածական մոտեցում» նախագծի մասին։
Հանդիպման առաջին օրը մասնակիցները շրջայց կատարեցին ՀԱԱՀ գյուղատնտեսական ԱԹՍ-ների լաբորատորիա եւ Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոն։
Այնուհետեւ նախանշվեցին նախագծի շրջանակում իրականացվելիք հիմնական գործողությունները, քննարկվեցին տվյալներին փոխանակմանը, համապատասխան ուսումնական նյութերի մշակմանը, դասախոսական կազմի՝ Նիդերլանդներում եւ Չեխիայում վերապատրաստմանն ու ցուցադրական տնտեսության հիմնադրմանն առնչվող հարցեր։
Երկրորդ օրը մասնակիցներն այցելեցին Արմավիրի մարզի Արտամետ համայնք, որտեղ ծանոթացան Under Sun ՍՊԸ գործունեությանը, ընկերության պիստակի այգիներին, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 500 հեկտար։