Քլորելա. նորույթ, որն, այնուամենայնիվ, փորձարկման կարիք ունի

Այսօր՝ հունիսի 28-ին, ագրոնոմիական ֆակուլտետի անտառագիտության-բնապահպանության եւ բուսաբուծության-հողագիտության ամբիոնների աշխատակիցները հյուրընկալել էին Սամվել Մկրտչյանին: Նա նախկինում զինվորական է եղել, հիմա ռեստորաններ ունի Օդեսայում, բացի այդ՝ Ղազախստանում, Ղըրղըզստանում զբաղվում է քլորելա խթանիչի արտադրությամբ: Համագործակցության եզրեր են գտել նաեւ Մոլդովայի հետ:

Ապրանքանիշը ԵՄ չափորոշիչներով ստանդարտացում է անցել, հավաստագրված է որպես օրգանական հավելում: Քլորելան պարունակում է A, B (գրեթե բոլոր տարակարգերը) վիտամիններ, յոդ, սելեն, միկրոտարրեր: Լինում է փոշու, հաբի, մածուկի եւ լուծույթի տեսքով: Ընդգրկուն են կիրառման ոլորտները՝ դիմահարդարումից մինչեւ անասնաբուծություն, թռչնաբուծություն, բուսաբուծություն, մեղվաբուծություն, խաղողագործություն, ջրամբարների եւ կոյուղաջրերի զտում: Ըստ Սամվել Մկրտչյանի՝ քլորելան կարող է գործուն միջոց լինել նաեւ կապտականաչ ջրիմուռների դեմ պայքարում, որոնք լճերի ծաղկման պատճառ են դառնում:

Ըմպելիքը տեղում համտեսողներ եղան: Բուռն քննարկման ժամանակ այն անզգուշաբար թափվեց նաեւ ներկաների հագուստներին: Դա էլ, թերեւս, կարող ենք փորձարկում համարել: Սա կատակով: Բայց Օդեսայի սննդի տեխնոլոգիաների եւ մեղվաբուծության ակադեմիաներում ուսումնասիրությունները լավ արդյունքներ են գրանցել:

Քննարկումն, իհարկե, նախանձախնդիր էր: Անշուշտ, դոցենտ Սամվել Թամոյանը «մի փոքր ընդդիմացավ» ծաղկող ջրերում օգտագործելու գաղափարին: Իրավունք ուներ: Սակայն, ամենագործնականը բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանի առաջարկությունն էր՝ ՀԱԱՀ Բալահովտի ՈՒՓՏ-ում եւ օրգանական գյուղատնտեսության լաբորատորիայում փորձարկել, արդյունքները ստանալուց հետո միայն կարելի է մտածել լուրջ համագործակցության մասին։