ՏԱԱ ինստիտուտում փորձուսուցում-աշխատանքային կիսամյակը հագեցած էր

Կենսագործունեության անվտանգություն մասնագիտության 6 ուսանողներ վերադարձել են աշխատանքային կիսամյակի ձեւաչափով փորձուսուցումից, որն անցել են Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ ՍՊԸ-ում։ Վերադարձել են՝ մասնագիտական գործնական հմտություններով հարստացած, մասնագիտությանը եւս մի քիչ սիրահարված, աշխատանքային կարիերայի հաջող մեկնարկով ոգեւորված։

Ճարտարագիտական ֆակուլտետի եւ հատկապես Կենսագործունեության անվտանգության ամբիոնի եւ Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտի միջեւ սերտ գործընկերություն է ձեւավորվել վերջին տարիներին, որը հաստատութենական հիմքի վրա է դրվել երկու տարի առաջ ստորագրված համագործակցության հուշագրով։ Պատահական չէ, որ ՀԱԱՀ ուսանողներին ինստիտուտում ընդունել, վերաբերվել եւ վստահել են որպես լիիրավ գործընկերների։

Փորձուսուցման ծրագիրը հագեցած ու հետաքրքիր է եղել։ Ուսանողները ծանոթացել են անվտանգության բնագավառի իրավական, օրենսդրական եւ կազմակերպչական հարցերին, ոլորտում գործող նորմերին ու նորմատիվային տվյալներին։ Ինստիտուտի փորձագետների ղեկավարությամբ մասնակցել են տարբեր ձեռնարկություններում վերամբարձ փոխադրական, սառնարանային եւ թթվածնային տեղակայանքների, կաթսայատների, գազա եւ բենզալցակայանների տեխնիկական փորձաքննության աշխատանքերին ու փորձագիտական եզրակացությունների կազմմանը։ Գործնական հմտություններ են ձեռք բերել նաեւ համապատասխան սարքերով ու գործիքերով աշխատատեղերում միկրոկլիմայական պարամետրերի, ինչպես նաեւ էլեկտրատեղակայանքների հողակցման դիմադրության չափումների բնագավառում։

Այն բանից հետո, ինչ Ագրոնոմիական ֆակուլտետի 26 ուսանողներ, առաջին անգամ երկրի բարձրագույն կրթության համակարգում, մեծ հաջողությամբ աշխատանքային կիսամյակ անցկացրեցին, այս նորարարական ձեւաչափն իր առավելությունները շարունակեց ցույց տալ նաեւ մյուս ֆակուլտետներում։ Բարելավման, կատարելագործման տեղ անշուշտ կա, եւ ֆակուլտետներն ու Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինն արդեն աշխատում են այդ ուղղությամբ։