Շահակիցների երկխոսության սկիզբը․ «Կանաչ Հայաստան» հարթակի առաջին քննարկումը

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը Կառավարությունում մասնակցել է փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի գլխավորությամբ տեղի ունեցած «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի առաջին քննարկմանը։ «Աճ եւ վերականգնում` հանուն Հայաստանի հզորացման, վերազինման եւ բարգավաճման» հարթակը մեկնարկել է Կառավարությունը՝ Համաշխարհային բանկի, Եվրամիության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ՝ ի աջակցություն Հայաստանի հեռանկարային կայուն զարգացման, կանաչ վերականգնման ու աճի:

Քննարկմանը մասնակցել են ՀԲ Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը, Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, շահագրգիռ պետական կառույցների այլ ներկայացուցիչներ։

«ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի նպատակն է միակցել ու օպտիմալացնել քաղաքականություններն ու ներդրումային նախաձեռնությունները` հանուն Հայաստանի՝ կանաչ տնտեսության անցման: Շահակիցների թեմատիկ երկխոսությունների շարքի այս առաջին հանդիպմանը հնչեցին նորարար գաղափարներ եւ տեղեկություններ գլոբալ գիտելիքների վերաբերյալ, որոնք առանցքային դեր կարող են խաղալ կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունություն ձեւավորելու տեսանկյունից:

Ռեկտոր Ուռուտյանը, մասնավորապես, խոսել է ճշգրիտ գյուղատնտեսության, կանաչ տեխնոլոգիաների, նորարարական մոտեցումների միջոցով տնտեսությունը գյուղատնտեսությամբ «կանաչացնելու» ներուժի եւ զարգացման հնարավորությունների մասին։

Կառավարությունը ներկայացրել է Հայաստանում կանաչ տնտեսության անցման իր տեսլականն ու կլիմային եւ շրջակա միջավայրին վերաբերող քաղաքականությունը, որոնք կնպաստեն Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը, իսկ գիտակրթական հանրույթի, պետական հատվածի եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են կանաչ եւ դիմակայուն տնտեսության անցման ճանապարհին առկա մարտահրավերների եւ հնարավորությունների վերաբերյալ իրենց փորձն ու դիրքորոշումը։