Միջազգային շաբաթ Գերմանիայի Գայզենհայմի համալսարանում

ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, ԵՄ կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակում հունիսի 12-16-ը Գայզենհայմի համալսարանում կազմակերպված առաջին միջազգային շաբաթին մասնակցելու համար ՀԱԱՀ Ագրոբիզնեսի դեպարտամենտի պետ Արթուր Գրիգորյանը, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Մարո Դեթլոֆֆը եւ Բուսաբուծական մթերքների վերամշակման ամբիոնի ասիստենտ Ամալյա Իսկանդարյանը գործուղվեցին Գերմանիայի Գայզենհայմի համալսարան: Միջազգային շաբաթին մասնակցում էին 31 պատվիրակներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Կոսովոյից եւ Ալբանիայից:

Գայզենհայմի համալսարանի միջազգային գրասենյակի ղեկավար Սոնյա Թիլեմանի եւ աշխատակիցների հետ հանդիպումից հետո մասնակիցներին ողջունեց համալսարանի նախագահ, պրոֆեսոր Հանս Ռայներ Շուլցը։

Միջազգային շաբաթը հագեցած էր էրազմուսյան համագործակցության եւ փոխանակման ծրագրերի վերաբերյալ հետաքրքիր հանդիպումներով եւ քննարկումներով։ Միջազգային շաբաթի երկրորդ օրը կազմակերպվեց մասնակիցների այցելություն Գայզենհայմի համալսարանի հետազոտական հաստատություններ՝ ծանոթանալու հետազոտությունների նորարարական եղանակներին եւ կիրառվող արդիական սարքավորումներին։ Այնուհետեւ կազմակերպվեց քննարկում՝ «Գայզենհայմի համալսարանում գործընկեր համալսարանների շրջանավարտների հետ աշխատանքի ամրապնդում» թեմայով: Նիստին ներկա էին նաեւ Գայզենհայմի համալսարանում «Միջազգային գինու բիզնես» ծրագրով սովորող գործընկեր համալսարանների էրազմուսյան ուսանողները, ՀԱԱՀ-ից՝  «Խմորման արտադրության տեխնոլոգիա եւ գինեգործություն» կրթական ծրագրով 3-րդ կուրսի ուսանողուհի Աննա Բաբայանը։

Գայզենհայմի համալսարանի Խաղողագործության դեպարտամենտի ղեկավար Մանֆրեդդ Սթոլը ներկայացրեց «Vinifera Euromaster» մագիստրոսական կրթական ծրագիրը, միջազգային շուկայավարման կառավարման պրոֆեսոր Յոն Հանֆը՝ «Միջազգային գինու բիզնես» բակալավրիատի կրթական ծրագիրը եւ շարժունության հնարավորությունները, իսկ պրոֆեսոր Մորից Վագները՝ Գայզենհայմի համալսարանում դասավանդման եւ հետազոտության հարակայունությունը, որոնց շուրջ կազմակերպվեցին քննարկումներ։ Այնուհետեւ մասնակիցները բաժանվեցին նախապես որոշված 2 խմբի՝ կանաչ եւ կարմիր։ Կանաչ խմբի մասնակիցները ներկա գտնվեցին պրոֆեսոր Յոն Հանֆի «Գինու համաշխարհային շուկաներ» դասախոսությանը եւ պրոֆեսոր Գերգելի Սզոլնոկիի «Գինու միջազգային ուղղություններ» գործնական դասին, որի ընթացքում Գայզենհայմի համալսարանի ուսանողների մի խումբ իրենց հանձնարարական-աշխատանքի շրջանակում գինու կույր համտեսի եւ գնահատման համար ներկայացրեցին խաղողի Շարդոնե տեսակից պատրաստված տարբեր երկրների գինիներ, իսկ մասնակիցները համտեսի միջոցով գնահատեցին եւ համեմատեցին գինիները։ Կարմիր խումբը մասնակցեց «Էրազմուս+ խթանում եւ կառավարում-լավագույն փորձ» սեմինար-քննարկմանը, այցելեց Էնոլոգիայի դեպարտամենտ եւ գինու մառան՝ մասնակցելով նաեւ գինու համտեսի։

Միջազգային շաբաթը հագեցած էր նաեւ պատմամշակութային վայրեր շրջագայություններով։

Միջազգային շաբաթն ավարտվեց համագործակցության հնարավորությունների ամփոփման, փակման նիստով, որի ընթացքում մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրերը։ Գայզենհայմի համալսարանի կազմակերպած 1-ին միջազգային շաբաթվա շնորհիվ ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար։ Միջազգային շաբաթին մասնակցությունը ՀԱԱՀ պատվիրակների համար հիանալի հնարավորություն էր գիտելիքների ձեռքբերման, փորձի փոխանակման, ինչպես նաեւ նոր կապերի հաստատման համար: