ՀԱԱՀ ռեկտորն ընդունել է ԱՄՆ Ֆունկցիոնալ սննդի կենտրոնի հիմնադիր Դանիկ Մարտիրոսյանին

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է ԱՄՆ Ֆունկցիոնալ սննդի կենտրոն / Ֆունկցիոնալ սննդի ինստիտուտի հիմնադիր, ծնունդով արցախցի Դանիկ Մարտիրոսյանին։ Տեխասի նահանգի Դալաս քաղաքում գործող այս կենտրոնն աշխարհում առաջատարն է ֆունկցիոնալ սննդամթերքի գնահատման եւ ֆունկցիոնալ սննդագիտության ոլորտում հանրությանը կրթելու բնագավառներում։ Պարոն Մարտիրոսյանին ուղեկցում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական հետազոտությունների եւ հավաստագրման կենտրոնի բաժնի վարիչ Մերուժան Զադայանը։

Դանիկ Մարտիրոսյանը եւ ռեկտոր Ուռուտյանը քննարկեցին համագործակցության տարբեր ուղղություններ եւ հնարավորություններ, ներառյալ՝ ֆունկցիոնալ սննդի վերաբերյալ կրթական ծրագրերի ներդրման, դասախոսների վերապատրաստման, հետազոտական աշխատանքների, գիտական աշխատանքների հրապարակումների ուղղություններով։ Ֆունկցիոնալ սննդի կենտրոնը նաեւ հրատարակչական ակտիվ գործունեություն է ծավալում, եւ կենտրոնի Food Science Publisher հրատարակչության ստեղծած մասնագիտական հարուստ գրականությունից կարող է բաժին հանել ՀԱԱՀ գիտական գրադարանի ֆոնդերի հագեցման համար։

Դանիկ Մարտիրոսյանը ռեկտոր Ուռուտյանի ուղեկցությամբ նաեւ շրջեց ՀԱԱՀ-ի՝ իր մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում գտնվող ենթակառույցներից մի քանիսում՝ Սննդամթերքի որակի հսկման ուսումնական լաբորատորիայում, Հացի, հրուշակեղենի եւ շոկոլոդագործության լաբորատորիայում եւ Գինու ակադեմիայի գինու քիմիայի լաբորատորիայում ու հանտեսի սրահում, ծանոթացավ դրանց գործունեությանը։

Ֆունկցիոնալ սննդի կենտրոնն անցկացնում է համաշխարհային ճանաչում ունեցող ամենամյա գիտաժողովներ․ հերթական՝ 31-րդը կայանալու է սեպտեմբերի 29-31-ին Հայաստանում՝ Երեւանի պետական համալսարանում։ Ագրարային համալսարանը ակտիվորեն կմասնակցի ֆունկցիոնալ սննդի ոլորտի այս կարեւոր միջազգային իրադարձությանը։