Ագրոպարենային արժեշղթաների վերաբերյալ միջազգային աշխատաժողովին մասնակցության հնարավորություն

Անցումային տնտեսություններում գյուղատնտեսական զարգացման Լայբնիցի ինստիտուտը (IAMO) եւ Թբիլիսիի պետական համալսարանի Տնտեսագիտության միջազգային դպրոցի Քաղաքականության ինստիտուտը (ISET-PI), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Հունգարիայի Տարածաշրջանային ուսումնասիրությունների ինստիտուտի (KRTK) հետ գործակցությամբ, կազմակերպում են «Ագրոպարենային արժեշղթաների գործունեության բարելավումը Հարավկովկասյան տարածաշրջանում» վերտառությամբ աշխատաժողով, որը կկայանա ս․ թ․ հոկտեմբերի 3-5-ը՝ Թբիլիսիում։ Աշխատաժողովը կազմակերպվում է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD).

Տարածաշրջանը, որտեղ ագրոպարենային հատվածում զբաղվածների մասնաբաժինը կազմում է բնակչության 18, իսկ ոլորտի արտադրանքը՝ համախառն ներքին արդյունքի 7-8 տոկոսը, այսօր, որոշակի ձեռքբերումների կողքին, առերեսվում է լուրջ մարտահրավերների։ Աշխատաժողովը նպատակ ունի, հասցեագրելով այդ մարտահրավերները, երկխոսություն խթանել ոլորտին առնչվող կրթական կառույցների, քաղաքական շրջանակների, մասնագիտական հանրության եւ քաղհասարակության ներկայացուցիչների միջեւ՝ մարտահրավերների հաղթահարման ռազմավարություն մշակելու եւ տարածաշրջանում ագրոպարենային հատվածի զարգացմանը նպաստելու նպատակով։

Աշխատաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ 1000-բառանոց համառոտագրեր ներկայացնել հետեւյալ թեմաներով․

  • Գյուղատնտեսական առեւտուր եւ շուկայամուտ
  • Գյուղատնտեսական շուկաներ եւ գների վերլուծություն
  • Ագրոպարենային արժեշղթայում ստեղծվող հավելյալ արժեք
  • Ճգնաժամերի, Քովիդ-19-ի եւ աշխարհաքաղաքականության ազդեցությունը ագրոպարենային համակարգերի վրա
  • Ագրոպարենային քաղաքականության արդյունավետությունը
  • Ֆինանսական միջոցների մատչելիությունը ագրոպարենային համակարգում
  • Գյուղատնտեսական աշխատաշուկա, միգրացիա եւ գենդերային հարցեր
  • Կանաչ գյուղատնտեսություն, թվայնացում եւ նորարարություն

Աշխատաժողովի, համառոտագրերի ներկայացման եւ մասնակցության համար անհրաժեշտ այլ տեղեկություններ կարող եք գտնել այստեղ։

Կազմակերպիչները խրախուսում եւ ակնկալում են մասնակցություն ոչ միայն տարածաշրջանից, այլեւ այլ երկրներից։